ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերն առաջ են անցնում միջին համաշխարհային ցուցանիշներից
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզի Բոստերի գյուղում՝ ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու 10-ամյակին նվիրված խորհրդաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական զարգացման դրական դինամիկայի և ինտեգրացիոն շփումների ամրապնդման մասին:

Ալեքսեյ Վեդև, մասնավորապես, նշել է, որ Միության ընդհանուր ՀՆԱ-ն 2015 թվականից մինչև 2024 թվականն աճել է 17.8%-ով, իսկ բացարձակ արտահայտմամբ՝ գրեթե 1 տրլն դոլարով: Համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ-ի բաժինը 3.7%-ից աճել է մինչև 4.1%: Ընդ որում, անդամ պետությունների տնտեսությունների աճի տեմպերը վերջին մի քանի տարում առաջ են անցել միջին համաշխարհային արժեքներից:

Ինչ վերաբերում է Ղրղզստանի Հանրապետությանը, ապա նրա ՀՆԱ-ն աճել է 56.4%-ով, հիմնական կապիտալում ներդրումները՝ 47%-ով, իրական աշխատավարձն ավելացել է ավելի քան մեկուկես անգամ, զգալիորեն նվազել է գործազրկության մակարդակը:

Միության երկրներում ինտեգրման արդյունքը նկատելի է ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրում, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի ոլորտում: ՀՆԱ-ում ինտեգրման ամենամեծ ավանդը նկատվել է Հայաստանում և Ղրղզստանում: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում ինտեգրման ավանդը գնահատվում է ՀՆԱ-ի 1.65%, կամ շուրջ 40 մլրդ դոլար:

ԵՏՀ վարչության ղեկավարը կարևորել է 2014 թվականին ԵԱՏՄ մասին պայմանագրի, ապա Ռազմավարություն-2025-ի ստորագրումը, նշելով, որ դրանք առանցքային փաստաթղթեր են տնտեսության տարբեր ոլորտներում Հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքը կառուցելու համար, և հիշեցրել, էր Միության շրջանակներում մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի գործունեությունը կառուցվում է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի հիման վրա:

Հռչակագրում նշված ինտեգրացիոն միջոցների թվում Ալեքսեյ Վեդևն առանձնացրել է ԱԱՀ-ում նորարարական մոտեցումների ներդրումը, էներգետիկ արդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաների զարգացումը, տեխնոլոգիական զարգացման ոլորտում կոոպերացիոն փոխգործակցության համար ընդհանուր տարածքի ստեղծումը: