ԵԱՏՄ-ում մակնշման միասնականացված կանոնները տարածվել են թեթև արդյունաբերության արտադրանքի նոր տեսակների վրա
18.10.2024

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Ռուսաստանի Դաշնության առաջարկը նույնականացման միջոցներով մակնշման ենթակա թեթև արդյունաբերության ապրանքների ցանկն ընդլայնելու մասին և որոշում ընդունել Եվրասիական տնտեսական միության գործող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին։

Փոփոխությունները վերաբերում են բացառապես մանկշման ենթակա արտադրանքի այն տեսակներին, որոնք հաստատված են ԵՏՀ խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության առանձին ապրանքների մակնշում ներդնելու մասին» N 127 որոշմամբ։

Մակնշումը կտարածվի, մասնավորապես, մանկական հագուստի, լողազգեստի, փողկապների, մանկական և կանացի ներքնազգեստի, ինչպես նաև գլխարկների վրա։ Նշված ապրանքների առնչությամբ ԵԱՏՄ երկրները 2025 թվականի մարտի 1-ից իրավունք ունեն սահմանելու չմակնշված արտադրանքի շրջանառության արգելք։

«Նոր ապրանքների փուլային ներառումը Միության մակնշման միասնական համակարգի զարգացումն է, որը սպառողին թույլ է տալիս համոզվել ապրանքների իսկության հարցում և բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակությունը անօրինական շրջանառության նվազեցման հաշվին», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի, ինչպես նախկինում, միասնականացված կանոններով։ Միաժամանակ հաշվի են առնվում ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է Հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 5-ի N 19 որոշմամբ։ Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը Միության տարածքում շրջանառելիս։