ԵԱՏՄ երկրների նավիգացիոն կապարակնիքների հետ աշխատանքի ոլորտի լիազոր օպերատորները փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր օպերատորների միջև փոխգործակցության համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում: Փաստաթուղթն անհրաժեշտ է փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացման համար:

Ստորագրման արարողությանը մասնակցել են «ԱռմՋիՓիԷՍ» ՍՊԸ տնօրեն Արթուր Հակոբյանը (Հայաստանի Հանրապետություն), «Բելտամոժսերվիս» ՀՈՒՁ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Սկաչկովսկին (Բելառուսի Հանրապետություն), «Տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտի» ՍՊԸ տնօրեն Ռազիա Բուրալխիևան (Ղազախստանի Հանրապետություն), Ղրղզստանի Հանրապետության միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ընկերակցության նախագահ Թուրքմեն Բոոտաևը, «Թվային հարթակների զարգացման կենտրոն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արտեմ Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), ինչպես նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը:

«Ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ է մեր Միության շրջանակներում ապրանքների փոխադրման անվտանգությունն ու հուսալիությունն ապահովելու համար։ Այն արտացոլում է փոխադրումների հետագծման ընթացակարգերի կատարելագործման անդամ պետությունների ձգտումը արդար մրցակցությանը և սպառողների անվտանգությանը աջակցելու համար»,- ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների օգտագործումը, մի կողմից, թույլ կտա ապահովել փոխադրումների թափանցիկությունն ու օրինականությունը, իսկ մյուս կողմից՝ նվազագույնի կհասցնի ապրանքների երթուղու երկայնքով վերահսկողական միջոցառումների իրականացումը։ Այսպիսով, համաձայնագրի իրականացումը թույլ կտա դյուրացնել և արագացնել բեռները ստացողին առաքելու ընթացակարգը։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել է անդամ պետությունների ղեկավարների կողմից 2022 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2023 թվականի ապրիլի 3-ին: Նախքան համաձայնագրի կիրառումն անհրաժեշտ էր իրականացնել մի շարք միջոցառումներ ինչպես Հանձնաժողովի, այնպես էլ ազգային մակարդակով: ՄԻջոցառումների ցանկն ամրագրված է «ճանապարհային քարտեզում»: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքը վերջնական փուլում է։

Երկրորդ մակարդակի ակտեր պատրաստելիս հաշվի է առնվել կողմերի կողմից կատարվող փորձերի շրջանակներում ձեռք բերված գործնական փորձը (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ փայտանյութի հետ կապված, և Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ փոխադարձ առևտրում ապրանքների փոխադրման հետ կապված):

Ելնելով համաձայնագրով սահմանված ժամկետներից՝ դրա գործնական իրականացումը պետք է մեկնարկի 2024 թվականի սկզբին։