ԵԱՏՄ լիազորված տնտեսական օպերատորներին նոր լրացուցիչ պարզեցում է տրամադրվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը լրացուցիչ պարզեցում է սահմանել լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) համար:

Այս պարզեցումը ԼՏՕ-ին հնարավորություն է տալիս օգտագործել իրենց տարածքները մաքսային պահեստի մաքսային ընթացակարգով գրանցված ապրանքները պահելու և ապրանքները մի պահեստից մյուսը չտեղափոխելու համար: Այժմ օպերատորների պահեստներում օտարերկրյա ապրանքները կարող են պահպանվել մինչև երեք տարի (չորս ամսվա փոխարեն)։

«Նման պարզեցումը պահանջված կլինի արտադրողների կողմից՝ բավականին մեծ քանակությամբ օգտագործվող հումքի և լրակազմողների պահպանման համար, - ընդգծել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: - Օտարերկրյա ապրանքների պահպանման ավելի երկար ժամկետները պահանջված կլինեն նաև ռիթեյլերների շրջանում, որոնք մեծ խմբաքանակներով ապրանքներ են պահում և ներքին սպառման համար դրանք բաց թողնում առանձին խմբաքանակներով՝ առևտրային ցանցերում դրանց իրացմանը զուգընթաց»:

Պարզեցումը ԼՏՕ-ներին թույլ կտա օպտիմալացնել օտարերկրյա ապրանքների պահպանման գործընթացը և նվազագույնի հասցնել ապրանքների տեղափոխման հետ կապված ծախսերը և արագացնել ապրանքները շրջանառության մեջ դնելու գործընթացը:

ԵՏՀ խորհրդի որոշումն ուղղված է ԵԱՏՄ-ում ԼՏՕ ինստիտուտի զարգացմանը, ինչպես նաև եվրասիական ընկերությունների համար մրցակցային առավելությունների ստեղծմանը։ Բացի այդ, այն արտացոլում է առաջադեմ միջազգային, առաջին հերթին՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության միտումներն ու ստանդարտները, որոնց համապատասխան ԼՏՕ-ներին են տարատեսակ պարզեցումներ են տրվում։

Տրամադրված պարզեցման կիրառումը կնպաստի ապրանքների պահպանման համար ԵԱՏՄ երկրների ենթակառուցվածքների ավելի լայն օգտագործմանը, ինչպես նաև լոգիստիկ ծախսերի և ապրանքների արժեքի կրճատմանը։

Ընդհանուր առմամբ, դա թույլ կտա աջակցել եվրասիական «հնգյակի» երկրների բիզնեսին, ինչը հատկապես պահանջված է լոգիստիկայի դժվարությունների պայմաններում։

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու նշված հոդվածով չնախատեսված այլ հատուկ պարզեցումներ, որոնք կտրամադրվեն լիազորված տնտեսական օպերատորներին: