Մարտի 13-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոններում փոփոխություններ կատարելու մասին» ԵՏՀ խորհրդի որոշման նախագծին։
Նշված փոփոխությունները ենթադրում են անասնաբուժական դեղամիջոցների վեց խմբի գրանցման դոսյեն ուժի մեջ մտած Կանոնների պահանջներին համապատասխանեցնելու ընթացակարգի պարզեցում։ Դրանց թվում են վիտամիններ, ոչ մթերատու կենդանիների համար նախատեսված հակամակաբույծ պատրաստուկներ, բուսական ծագման պատրաստուկներ, հակասեպտիկ պատրաստուկներ, ինչպես նաև կենդանիների օրգանիզմում ջրային էլեկտրոլիտային հավասարակշռությունը վերականգնելու համար նախատեսված դեղամիջոցներ և որպես գործող նյութ հանքանյութեր պարունակող դեղամիջոցներ:
Եթե նախկինում այդ խմբերի անասնաբուժական դեղերի գրանցման դոսյեն պետք է համապատասխանեցվեր նոր պահանջներին՝ համաձայնեցնելով Միության անդամ այն պետության յուրաքանչյուր լիազոր մարմնի հետ, որի տարածքում նախատեսվում է այդ դեղերի շրջանառությունը, ապա փոփոխություններից հետո համաձայնեցում չի պահանջվի:
Փոփոխությունների իրականացումը թույլ կտա նվազեցնել թվարկված անասնաբուժական դեղամիջոցների արտադրողների ֆինանսական բեռը, հետևաբար նվազեցնել այդ անասնաբուժական դեղամիջոցների ինքնարժեքը: Բացի այդ, կկրճատվի Միության երկրների լիազոր մարմինների վարչական բեռը։