Հաստատվել է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը
Էլեկտրոնային առևտրի մաքսային վարչարարության ոլորտի իրավական բազայի հետագա ձևավորման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը և լրացման կարգը:

«Մշակված ձևը և կարգը կապահովեն ավելի վաղ ներկայացված տեղեկություններում փոփոխություններ կատարելու հնարավորություն, ինչը գործնականում կարող է շատ պահանջված լինել՝ հաշվի առնելով ապրանքների բնույթը կամ տեղափոխման առանձնահատկությունները», - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Սերգեյ Շկլյաևը:

Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտումը, ինչպես նաև բուն հայտարարագիրը կիրառվելու է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ինչպես ֆիզիկական անձանց կողմից ուղղակիորեն էլեկտրոնային առևտրային հարթակներում ձեռք բերված ապրանքների, այնպես էլ արդեն իսկ Միության տարածքում գտնվող պահեստներից ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների համար:

2023 թվականի դեկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ստորագրվել է Միության մաքսային օրենսգրքում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։

ԵՏՀ կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 143 որոշմամբ հաստատվել են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման ձևը և կարգը: