Հայաստանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Օգոստոսի 24-25-ը Ծաղկաձորում (Հայաստան) տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնացկել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ՝ ԵՄԿԽ նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵՄԿԽ-ի անդամները քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Միության զարգացման ռազմավարական ուղղությունները։ Ավելի վաղ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում առաջարկել էր սկսել ԵԱՏՄ-ի երկարաժամկետ ռազմավարության մշակումը 2023 թվականին:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը Բիշքեկում (Ղրղզստան):