ԵԱՏՄ-ում հավանություն են տվել խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության ընդհանուր մոտեցումներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության երկրների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգին։

Հայեցակարգի իրականացումը թույլ կտա ստեղծել միասնական տեղեկատվական տարածք, որտեղ փոխադրողը ստանդարտացված տեղեկատվություն կստանա եղանակային պայմանների, հնարավոր խցանումների և ճանապարհատրանսպորտային պատահարների մասին:

Հայեցակարգը սահմանում է Միության շրջանակներում անդամ պետությունների խելացի տրանսպորտային համակարգերի (ԽՏՀ) փոխգործակցության ապահովմանն ուղղված մոտեցումներ: Դա կնպաստի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքում ԽՏՀ տեխնոլոգիաների ակտիվ ներդրմանը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվական աջակցություն տրամադրելիս, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ԽՏՀ օպերատորների պատասխանատվության անցման գոտիներում:

«Տրանսպորտային հոսքերի փոփոխման բարձր դինամիկայի ժամանակակից պայմաններում հենց խելացի համակարգերն են կենտրոնական դեր կատարում ազգային տրանսպորտային համալիրների գործունեության որակի բարձրացման և ենթակառուցվածքների վրա բեռների ռացիոնալ բաշխման գործում», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։