Մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵԱՏՄ մասին պայմանագրի N 5 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի՝ ղազախստանցի ներմուծողների կողմից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի և արտադրանքի բաժանման մասին համաձայնագրերի շրջանակներում ապրանք ներմուծելիս վճարված մաքսատուրքերը չեն բաշխվի Միության պետությունների միջև:
Այս հարցի կարգավորման անհրաժեշտությունն առաջին անգամ նշել են Միության երկրների պետական ֆինանսական վերահսկողության մարմինները ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման կարգի պահպանման համատեղ ստուգման արդյունքների հիման վրա (նման ստուգումներ անցկացվում են տարեկան կտրվածքով՝ վերոնշյալ Հավելվածի 53-րդ կետին համապատասխան):
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի՝ նշված տուրքերի գումարները փոխհատուցվում են ընդերքօգտագործողներին Ղազախստանի Հանրապետության բյուջեից:
Այս նորմը տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:«ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների ընդունումը թույլ կտա խուսափել Ղազախստանի բյուջեի կրկնակի ծախսերից՝ ներդրողներին վճարված տուրքերը փոխհատուցելուց և Միության պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման մեխանիզմի շրջանակներում այս գումարի ավելի քան 93%-ը փոխանցելուց», - նշել է ԵՏՀ նախարարը: