ԵՏՀ-ում քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի զարգացման արդիական հարցեր
01.01.1970

Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն առնչվող մի արդիական շարք հարցեր նոյեմբերի 11-ին քննարկել են Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ:

Մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ երկրներում տոհմային անասնաբուծության զարգացման հարցեր։ Հավանության են արժանացել գյուղատնտեսական տոհմային կենդանիների գենետիկորեն որոշված հիվանդությունների ցանկում կատարվող փոփոխությունները, որոնք ուղղված են նրանց գենետիկական ներուժի բարձրացմանը՝ գյուղատնտեսական կենդանիների վերարտադրության համակարգից անորակ տոհմային արտադրանքի և գենետիկորեն որոշված հիվանդություններ կրողների հեռացման միջոցով: Հավանության են արժանացել նաև Միությունում տոհմային գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու որակների գնահատման օբյեկտիվությունն ու հուսալիությունը բարձրացնելու համար գյուղատնտեսական կենդանիների բոնիտավորման միասնականացված մոտեցումները:

Բացի այդ, Կոմիտեի անդամները հավանություն են տվել տոհմային անասնաբուծությունում գենոմային ընտրասերման կիրառման միջազգային փորձի, իրավիճակի և ԵԱՏՄ շրջանակներում գենոմային վերլուծության հիման վրա գյուղատնտեսական կենդանիների տոհմային արժեքի կանխատեսման ներդրման հնարավոր համաձայնեցված մոտեցումների մասին ակնարկին:

Նիստի մասնակիցները քննարկել են ագրոարդյունաբերական համալիրում անդամ պետությունների տեխնոլոգիական կոոպերացիայի հնարավորությունների, ագրոնորարարությունների համատեղ կենտրոնների ստեղծման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի վերամշակման, պահպանման, տարածման և փոխադրման ենթակառուցվածքների զարգացման առաջարկներ:

Խորհրդատվական կոմիտեի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել Միության բնակչության համար պարենի հասանելիության ապահովման մոտեցումների մշակմանը։

Քննարկված փաստաթղթերը մշակվել են Միության պետությունների ղեկավարների նախաձեռնությունների իրականացման շրջանակներում, որոնք ներկայացվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերում, և «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի դրույթների իրականացման շրջանակներում: