Հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության տարածք ապօրինի ծխախոտային արտադրանքի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը:
Աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մարտին Հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից: Խմբում ընդգրկվել է ավելի քան 80 անդամ, որոնցից կեսը գործարար համայնքի ներկայացուցիչներ են, որոնք և նախաձեռնել էին դրա ստեղծումը:
Անցած նիստում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի շուկաների վիճակը, այս ոլորտում ապօրինի շրջանառության միտումներն ու դինամիկան, ինչպես նաև նշված արտադրանքի ավտոմոբիլային փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման պրակտիկան:
Աշխատանքային խմբի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել Միության շուկայում ծխախոտի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված առաջնահերթ միջոցների վերաբերյալ, որոնք կմշակվեն ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազոր մարմինների ներգրավմամբ: