ԵՏՀ-ում քննարկել են Ուզբեկստանի Հանրապետության հետ մաքսային համագործակցության հարցեր

ԵՏՀ կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Սերգեյ Շկլյաևի աշխատանքային հանդիպումը Ուզբեկստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային կոմիտեի նախագահ Ակմալհուժա Մավլոնովի հետ։

Կողմերը քննարկել են Հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային մարմինների միջև մաքսային համագործակցության ոլորտի առավել արդիական նախագծերի գործնական իրականացման ուղղությունները։

Այդ նախագծերից մեկն է ԵԱՏՄ և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին երկրների մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխադարձ փոխանակման կազմակերպումը։

Սերգեյ Շկլյաևը հիշեցրել է, որ այդ աշխատանքի մեկնարկը տրվել է 2025 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ։ Համապատասխան միջազգային պայմանագրի նախագիծը բարձր աստիճանի պատրաստության փուլում է, նախատեսվում է, որ բանակցությունները կսկսվեն 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

«Համաձայնագրի իրականացումը կնպաստի մաքսային ընթացակարգերի արագացմանը և պարզեցմանը, մաքսային վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Ակնկալում ենք, որ տեղեկատվության փոխանակումը թույլ կտա նվազեցնել արտաքին առևտրի վիճակագրությունում առկա տարաձայնությունների քանակը, դյուրացնել իրավախախտումների հայտնաբերումը և կանխարգելումը, ինչպես նաև ամրապնդել փոխադարձ վստահությունը մաքսային մարմինների միջև», – նշել է Սերգեյ Շկլյաևը:

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ և Ուզբեկստանի Հանրապետության տարանցման ներուժի զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը։

Հանդիպման ընթացքում ԵՏՀ նախարարը մանրամասն անդրադարձել է ապրանքների փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման արդյունքներին։ 2026 թվականի փետրվարից կապարակնիքները կիրառվել են ավելի քան 70 հազար անգամ, իսկ հուլիսի 31-ից նավիգացիոն կապարակնիքների կիրառման ոլորտը տարածվում է ավտոմոբիլային տրանսպորտով բոլոր փոխադրումների և երկաթուղային տրանսպորտի համար ապրանքների լրացուցիչ կատեգորիաների վրա։ Բացի դրանից, արդիականացվել է բացառությունների ցանկը, երբ նավիգացիոն կապարակնիքների կիրառում չի պահանջվում։

«Մենք պատրաստ ենք ավելի մանրամասն ծանոթացնել Միության անդամ երկրների՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձին։ Սա հատկապես արդիական է այն համատեքստում, որ նավիգացիոն կապարակնիքը ԵԱՏՄ մաքսային տարանցման միասնական համակարգի տարրերից մեկն է», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Հանդիպման ավարտին Սերգեյ Շկլյաևը նշել է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային մարմիններում թվային զարգացման բարձր մակարդակը և Ա.Յու. Մավլոնովին շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի Հանրապետությունում մաքսային վարչարարության առաջադեմ տեխնոլոգիաներին ծանոթանալու հնարավորության համար։

Ուզբեկստանի Հանրապետությունն ունի ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում առանցքային ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ և Միության անդամ երկրների կարևոր առևտրային գործընկերն է։ Ըստ 2025 թվականի արդյունքների՝ ԵԱՏՄ երկրների հետ Ուզբեկստանի ապրանքաշրջանառությունն աճել է 25%-ով՝ գերազանցելով 20 մլրդ ԱՄՆ դոլարը։ ԵԱՏՄ բաժինը Ուզբեկստանի ընդհանուր շրջանառության մեջ հասել է գրեթե 25%-ի, արտահանման՝ մոտ 30%-ի։


Скачать исходники фотографий