Մայիսի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ կայացել է Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստը։
Նիստին մասնակցել են եվրասիական «հնգյակի» և Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի իրականացման հարցը։ Մշակվել է մեխանիզմի ամբողջ նորմատիվ բազան, ստորագրվել և վավերացման ավարտական փուլում է ԵԱՏՄ մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը, արդիականացվել է Արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի կազմը։
Բացի այդ, քննարկվել են ներմուծումից կախվածության նվազեցմանն ուղղված արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերի իրականացման, Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման արդյունքների, արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների նկատմամբ պարտավորությունների կատարման մշտադիտարկման արդյունքների, ըստ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների առաջարկի և պահանջարկի կանխատեսման ամփոփ հաշվեկշիռների մասին զեկույցների նախագծեր, հաստոցաշինական արդյունաբերության ակնարկը: Վերջին զեկույցի հիման վրա պատրաստվել է հաստոցաշինության ոլորտի զարգացման վերաբերյալ հանձնարարականի նախագիծ, որին կողմերը նույնպես աջակցել են։
Ամփոփելով օրակարգային հարցերի քննարկումը` Գոհար Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին կառուցողական քննարկման համար և առաջարկել Խորհրդատվական կոմիտեի հերթական նիստը հրավիրել 2024 թվականի 3-րդ եռամսյակում առերես ձևաչափով։