ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է պետգնումների նպատակով բանկային երաշխիքների ճանաչման իրավական մեխանիզմը
10.12.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ԵՏՀ Կոլեգիայի նիստում խոսել է պետական (մունիցիպալ) գնումներ իրականացնելիս բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի իրականացման ընթացքի մասին:

«Համաձայնագիրն ուժի մեջ է մտել սույն թվականի փետրվարի 13-ին: Այն ուղղված է Եվրասիական տնտեսական միության որևէ երկրի տարածքում գրանցված հնարավոր մատակարարների և մատակարարների համար ԵԱՏՄ մեկ այլ երկրում անցկացվող պետական գնումների անարգել հասանելիության ապահովմանը», — նշել է ԵՏՀ նախարարը:

Այս միջազգային պայմանագիրը մշակվել է Միության ներքին շուկայում սահմանափակման վերացման նպատակով, որը կապված է որևէ անդամ պետության կողմից մեկ այլ անդամ պետության տարածքում պետգնումներին մասնակցության համար տրված բանկային երաշխիքների օգտագործման հնարավորության բացակայության հետ:

Նաև Համաձայնագրի հետ միաժամանակ ուժի մեջ է մտել դրա իրականացմանն ուղղված ԵՏՀ խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի N 87 որոշումը, որով Համաձայնագրի նպատակների համար հաստատվել են տեղեկատվության փոխանակման կարգը և բանկերի ընտրության չափորոշիչների ցանկը:

«Միության յուրաքանչյուր երկիր Համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին է սահմանել: Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում դրանք ֆինանսների նախարարություններն են, Բելառուսում՝ Ազգային բանկը», — հայտնել է Մաքսիմ Երմոլովիչը:

Այսպիսով, ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է պետական գնումների նպատակների համար բանկային երաշխիքների ճանաչման իրավական մեխանիզմ, որը վերացնում է Միության իրավունքում առկա սահմանափակումը: