Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության միգրացիայի հարցերը կարգավորող մի շարք նոր օրենսդրական և նորմատիվ ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու մասին։
Առանց վիզայի երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքի փորձի երկարաձգում
Փորձը, որի շրջանակներում փորձարկվում են Ռուսաստանի Դաշնություն առանց վիզայի կարգով՝ «ruID» բջջային հավելվածի միջոցով օտարերկրյա քաղաքացիների մուտքի նոր կանոնները և պայմանները, երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ 2026 թվականի հունիսի 30-ից՝ նշված փորձի ժամանակահատվածում, աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ կրթության նպատակով Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներին միգրացիոն ոլորտի պետական ծառայություն մատուցելիս մուտքի նպատակի մասին տեղեկությունները հաստատվելու են նրանց կողմից մուտքի և կացության նպատակի մասին ներկայացված դիմումի մեջ նշված տեղեկատվությամբ։
Միջազգային վարորդների համար կացության ժամկետի ավելացման կարգը
Միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդները «ruID» բջջային հավելվածի միջոցով կկարողանան դիմում ներկայացնել ժամանակավոր կացության ժամկետը օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ մինչև 180 օր ավելացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է կից ներկայացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության 2026 թվականի ապրիլի 27-ի N 468 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը։
Միգրացիայի ոլորտի տուրքերի բարձրացում
Կարևոր նորամուծություն է միգրացիայի ոլորտի պետական տուրքերի չափերի բարձրացումը։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհելու համար նախատեսված պետական տուրքը կկազմի 50 հազար ռուբլի (նախկինում՝ 4.2 հազար ռուբլի)։ Կացության կարգավիճակ ստանալու համար կպահանջվի վճարել 30 հազար ռուբլի (նախկինում՝ 6 հազար ռուբլի), իսկ ժամանակավոր կացության թույլտվության համար՝ 15 հազար ռուբլի (նախկինում՝ 1.9 հազար ռուբլի)։
Բժշկական զննության ժամկետների կրճատում
2026 թվականի սեպտեմբերի 1-ից օտարերկրյա քաղաքացիների առանձին կատեգորիաների համար ուժի մեջ են մտնում բժշկության զննություն անցնելու նոր կանոնները և մինչև 30 օր կրճատված ժամկետները։
Հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների հետ համատեղ տեղեկատվա-տեղեկագրային նյութեր է նախապատրաստում այս հարցի վերաբերյալ։ Անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը ժամանակին կտեղադրվի ԵՏՀ պաշտոնական կայքում։
Բացի դրանից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում իրականացնում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկայի գործունեության և ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխանության վրա տեղի ունեցող փոփոխությունների ազդեցության մշտադիտարկում։