Այս մասին «Անտիկոնտրաֆակտ 2023» համաժողովի շրջանակներում անցկացված «Կեղծ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի իրավակիրառ պրակտիկայի նոր միտումները» խորագրով նստաշրջանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան: Նա նաև ներկայացրել է անցյալ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման արդյունքները։
Ըստ Նուրժամալ Իլյասովայի՝ 2022 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է մոտ 8.7 մլն միավոր, որը երկու անգամ պակաս է, քան 2021 թվականին, և ամենացածր ցուցանիշն է 2016 թվականից ի վեր դիտարկման ողջ ժամանակահատվածում։ Այս կրճատումը հիմնականում ձեռք է բերվել Ռուսաստանում ցուցանիշների անկման հաշվին։ «Միևնույն ժամանակ, կարևոր է նշել հայտնաբերված կեղծ արտադրանքի քանակի տարբեր միտումները։ Նվազում ենք նկատում Հայաստանում՝ 20 անգամ, Բելառուսում՝ երեք անգամ, Ռուսաստանում՝ 2.2 անգամ, և նման ցուցանիշների բազմակի աճ Ղազախստանում՝ 3.3 անգամ և Ղրղզստանում՝ 8 անգամ», - ընդգծել է նա։
ԵՏՀ վարչության փոխտնօրենի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում ակտիվորեն կատարելագործվել է ԵԱՏՄ երկրների մտավոր սեփականության ոլորտի օրենսդրությունը։ Մասնավորապես, օպտիմալացվել է աշխարհագրական նշումների ինստիտուտի իրավական կարգավորումը, ինչպես նաև պատասխանատվությունը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների համար։ Սակայն մտավոր սեփականության ոլորտում խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվություն սահմանող օրենսդրությունը դեռևս մշակման կարիք ունի:
2022 թվականին Հայաստանում ներդրվել են դրույթներ ապրանքային նշանների ապօրինի օգտագործման համար վարչական և քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաև Ղրղզստանի պետական մարմինները (ի լրումն Ղրղըզպատենտի) ստացել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների համար վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորություններ։
«ԵԱՏՄ մակարդակով մենք նույնպես աշխատում ենք մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության և պաշտպանության նոր թվային միջոցների ձևավորման ուղղությամբ, - ասել է Նուրժամալ Իլյասովան։ - Մենք աշխատում ենք համաձայնագրի նախագծի վրա, որը սահմանում է համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումներին հակազդելու հիմքեր, ինչպես նաև Միության երկրներում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների վերաբերյալ տվյալների որոնման համար նախատեսված բաց որոնողական համակարգի ստեղծման ուղղությամբ»:
Նա արձանագրել է, որ Հանձնաժողովը շարունակում է աշխատել ԵԱՏՄ երկրներում Միության մաքսային սահմանով տեղափոխելիս հայտնաբերված կեղծ արտադրանքի և ԵԱՏՄ պետությունների ներքին շուկաներում հայտնաբերվող կեղծ արտադրանքի հաշվառման մեթոդիկաների աստիճանական ներդաշնակեցման ուղղությամբ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումային նստաշրջանի մասնակիցները քննարկել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, մաքսային կարգավորման, առցանց առևտրի, մտավոր սեփականության ոլորտում ՏՏ տեխնոլոգիաների կիրառման, զուգահեռ ներմուծման հարցեր։
Նստաշրջանին մասնակցել են նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գծով փոխնախարարի օգնական Ալմուայնի Աբդելռահմանը, Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքների վարչության տնօրեն Շոլպան Աբդրեևան, Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեական միլիցիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Անիկեևը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության մտավոր սեփականության մասին գիտելիքների տարածման բաժնի իրավախորհրդատու Տոբիաս Բեդնարզը, «Մտավոր սեփականության գործակալություն» ՍՊԸ-ի կառավարիչ գործընկեր (Ռուսաստանի Դաշնություն) Աննա Գրևցովան, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր մտավոր սեփականության և նորարարությունների պետական գործակալության իրավունքի վարչության մտավոր սեփականության իրավունքների իրականացման բաժնի վարիչ պետ Անարբեկ Իսմայիլովը, «Ակադեմ Քոնսալթ» ՍՊԸ խորհրդատվական ընկերության տնօրեն (Հայաստանի Հանրապետություն) Կարեն Կարապետյանը, «Բոլոտով և Գործընկերներ» իրավաբանական ընկերության գործընկեր (Ղազախստանի Հանրապետություն) Ժանատ Նուրմագամբետովը, «ԲելԲրենդ Քոնսալթ» ՍՊԸ-ի (Բելառուսի Հանրապետություն) կառավարիչ գործընկեր Վալենտին Ռաչկովսկին, «Արտե» իրավաբանական ընկերության գործընկեր (Ղրղզստանի Հանրապետություն) Սաոդատ Շակիրովան, Դաշնային մաքսային ծառայության Առևտրային սահմանափակումների, արժութային և արտահանման վերահսկողության վարչության մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների վերահսկողության ապահովման բաժնի պետ Ալեքսանդր Շիխրանովը։ Մոդերատորն էր «ՌուսԲրենդ» Ֆիրմային ապրանքանիշ արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Պոպովիչևը։