Վալենտին Տատարիցկի. «ԵԱՏՄ պետությունների տեխնիկական, տեխնոլոգիական և տնտեսական անկախությունն ուղղակիորեն կախված է ստանդարտացման զարգացման մակարդակից»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին հոկտեմբերի 10-ից 11-ը Սանկտ Պետերբուրգում՝ «Ռուսաստանի ստանդարտացման շաբաթ» 5-րդ միջազգային տեխնոլոգիական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Ստանդարտացում զարգացման ազգային նպատակների իրականացման համար» գլխավոր լիագումար նստաշրջանին։

Համաժողովի մասնակիցները քննարկել են միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտացման զարգացման հիմնարար հարցեր: Մասնավորապես, օրակարգում էին ստանդարտացման համակարգի թվային վերափոխման, թվային տեխնիկական կանոնակարգման, շինարարությունում և կլիմայական օրակարգի շրջանակներում կանաչ ստանդարտների ներդրման հարցեր, մանկական ապրանքների արդյունաբերության զարգացման առանցքային հարցեր, պարենային անվտանգությունը, ինչպես նաև շինարարության ոլորտի ստանդարտացման հարցեր։

Վալենտին Տատարիցկին ընդգծել է. «Ստանդարտները Եվրասիական տնտեսական միության միասնական և պարտադիր կատարման ենթակա տեխնիկական կանոնակարգերի մեր ապացույցների բազան են։ Ընդ որում, անխոչընդոտ միջավայր ստեղծելու համար առաջնահերթ է համապատասխան միջազգային ստանդարտների հիման վրա մշակված ԳՕՍՏ ստանդարտների ցանկերում ընդգրկելը»։

Նախարարն արձանագրել է, որ Միության գոյության տասնամյակի ընթացքում տեխնիկական կարգավորման ոլորտում մեծ աշխատանք է կատարվել արտադրանքի նկատմամբ միասնական պարտադիր պահանջներ սահմանելու և դրանք ստանդարտներով ապահովելու ուղղությամբ։ Այսօր Հանձնաժողովի հարթակում իրականացվում է ստանդարտական ոլորտի համակարգված քաղաքականություն, որը թույլ է տալիս լուծել շատ հրատապ խնդիրներ։

Ըստ Վալենտին Տատարիցկու՝ ստանդարտների (առավելապես միջպետական ստանդարտների) մշակման և արդիականացման արդյունավետությունը անհրաժեշտ է մշտապես բարձրացնել։ Այդ նպատակով Միությունում կատարելագործվել են տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերի ձևավորման ընթացակարգերը։ 2023 թվականին ընդունվել է Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը, որն օգնում է արդյունավետ փոխգործակցություն հաստատել ստանդարտացման ազգային մարմինների միջև: Միության իրավունք է ներդրվել արտադրանքին ներկայացվող պահանջների արդիականության պարբերական գնահատման կարգը: Այս տարի ուժի մեջ է մտել Տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման կարգը։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է 29 տեխկանոնակարգի և դրանք ապահովող ստանդարտների ԳՏՄ գնահատում։

Վալենտին Տատարիցկին ընդգծել է «Թվային տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ շրջանակներում» նախագծի իրականացման արդիականությունը. «Թվային տեխնիկական կարգավորումը թվային եվրասիական տարածքի ամենամասշտաբային նախագիծն է։ Ստեղծվող թվային հարթակը մեզ թույլ կտա նախ ապահովել թղթային միջավայրից հեռանալը. տեխկանոնակարգերը կմշակվեն անմիջապես թվային հարթակում, երկրորդ՝ թվային հարթակը բացարձակ առավելություն է բիզնեսի և արդյունաբերության համար, քանի որ այն զգալիորեն կպարզեցնի փոխգործակցությունը տեխկանոնակարգեր մշակելիս, երրորդ՝ արտադրանքին ներկայացվող բոլոր միութենական պարտադիր պահանջները կլինեն թվային տեսքով, ինչը շատ հարմար է նման պահանջների որոնման, նույնականացման և նախագծման և արտադրության գործընթացում ներդրման համար»:

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ նախագծի հետագա զարգացումը կօգնի քայլ առ քայլ շարժվել համապատասխանության գնահատման գործընթացի թվայնացման, հսկողական գործունեության ավտոմատացման ուղղությամբ և, ընդհանուր առմամբ, թույլ կտա Միության լրացուցիչ ծառայություններ միացնել այս թվային հարթակին։

Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Թալգաթ Մոմիշևը և Վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը մասնակցել են Համաժողովի հետևյալ նստաշրջանների աշխատանքներին՝ «Թվային տեխնիկական կարգավորումը՝ եվրասիական ինտեգրման հիմք», «Ստանդարտացման ազգային համակարգի թվային վերափոխում. հիմնական լուծումներ և զարգացման ուղղություններ», «Շինանյութերի պետական վերահսկողության և հսկողության ստանդարտացում և վերականգնում» և «Ստանդարտացման դերը տեխնոլոգիական լիդերության հասնելու գործում՝ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի օրինակով»:

Համաժողովը կազմակերպել է Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալությունը (Ռոսստանդարտ)՝ Ստանդարտների համաշխարհային օրվան ընդառաջ։

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, ստանդարտացման միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, խոշորագույն գիտահետազոտական և կրթական կենտրոնների, արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։