Նորություններ

19.04.2023 (Обновлено: 20.04.2023 16:31)

Վարոս Սիմոնյան. «Թվային լուծումները կօգնեն վերացնել ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները»

Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը հայտարարել է «EADF-2023» 5-րդ եվրասիական թվային համաժողովում, որն անցնում է ապրիլի 18-ից 21-ը Մինսկում՝ «ՏԻԲՕ-2023»-ի շրջանակներում:

«EADF-2023» ծրագիրը ներառում է հինգ թեմատիկ միջոցառում՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների թվային վերափոխման, սպառողների և բիզնեսի փոխգործակցության, թվային լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի հարթակներում պետական գնումներին փոխադարձ մասնակցության և Եվրասիայում ինտեգրացիոն թվային նախագծերի իրականացման հարցերով:

Ինչպես ընդգծել է Վարոս Սիմոնյանը ԵԱՏՄ ներքին շուկաների թվային վերափոխման հարցերով նստաշրջանի ընթացքում, Միությունում գործող խոչընդոտները վերացնելու և նորերը կանխելու համար անհրաժեշտ են նոր տեխնոլոգիական լուծումներ։

«Թվային նախագծերը ինտեգրացիոն կապերի ամրապնդման, ապրանքների հետագծելիության բարձրացման, վստահության տարածքի ձևավորման, հետևաբար՝ առկա խոչընդոտների, փոխադարձ անվստահության պատճառների, փոխադարձ առևտրում գորշ սխեմաների վերացման մեխանիզմներ են»,- նշել է Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով, մոտ ապագայում ԵՏՀ-ն անդամ պետությունների հետ համատեղ ծրագրում է վերաձևակերպել Միության թվային օրակարգը թվային նախաձեռնությունների արագացված իրականացման համար, որոնք նպաստում են գերակա ոլորտներում արտադրողականության բարձրացմանը և տնտեսական աճին։

Նստաշրջանի մասնակիցները քննարկել են անդամ պետությունների տնտեսության առանձին ոլորտների թվային վերափոխման և միջարդյունաբերական վերափոխման, թվային հարթակների ստեղծման և թվային նախագծերի իրականացման խնդիրները՝ կապված ինտեգրման, Միության համար արդյունավետության և չորս ազատությունների չափանիշների հետ։

«EADF-2023»-ի շրջանակում աշխույժ քննարկումներ են ծավալվել Միության պետությունների իշխանության մարմինների, գործարար համայնքի ներկայացուցիչների, ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում կարծիքի առաջնորդների մասնակցությամբ։ Թեմատիկ միջոցառումները թույլ են տվել գնահատել միութենական ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու ներուժը, համաձայնեցնել ԵԱՏՄ թվային տարածքի հետագա զարգացման հնարավոր ուղիները ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման համար։


Տեղեկանք

«EADF-2023» 5-րդ եվրասիական թվային համաժողովն անցկացվում է ապրիլի 18-ից 21-ը Մինսկում՝ «ՏԻԲՕ» միջազգային համաժողովի և ցուցահանդեսի հարթակում, որը Մինսկը հյուրընկալում է արդեն 29-րդ անգամ։ Ցուցահանդեսի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել շուրջ 260 կազմակերպություն, այդ թվում՝ հեռահաղորդակցական ընկերություններ, հեռահաղորդակցության սարքավորումների, ապարատային միջոցների և ծրագրային ապահովման արտադրողներ և մատակարարներ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի, անվտանգության համակարգերի, խելացի լուծումների և զանգվածային և կորպորատիվ հատվածի ծառայությունների մշակողներ, գիտական և կրթական կազմակերպություններ, ինչպես նաև նորարարական ենթակառուցվածքների սուբյեկտներ (տեխնոպարկեր, աքսելերատորներ, ինկուբատորներ, բիզնես դպրոցներ և այլն):