ԵՏԲԽ-ն հավանություն է տվել Սերբիայի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին բանակցություններ վարելու հարցին
29.05.2026

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի արդյունքում որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին գործող համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ:


Բանակցությունները պայմանավորված են այսպես կոչված «ապրանքների ուղիղ առաքման» պայմանի պահպանումը հաստատելու հետ կապված բարդությունների կարգավորման անհրաժեշտությամբ, որի կատարումը պարտադիր է նշված Համաձայնագրի շրջանակներում սակագնային առանձնաշնորհներ ստանալու համար:

«Կարծում ենք, համապատասխան աշխատանքը թույլ կտա օպտիմալացնել երկու կողմ մատակարարվող ապրանքների փաստաթղթային ուղեկցման վերաբերյալ Համաձայնագրով նախատեսված պահանջները, ինչը կնպաստի մեր սերբ գործընկերների հետ փոխադարձ առանձնաշնորհային առևտուր վարելու պայմանների պարզեցմանը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ մտել 2021 թվականի հուլիսի 10-ին:

Համաձայնագրին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման սակագնային առանձնաշնորհները տրամադրվում են ապրանքատեսակների 93%-ի նկատմամբ՝ փոխադրվող ապրանքների ծագումը հաստատելու և այլ սահմանված պահանջները պահպանելու պայմանով:

Այդ պահանջներից է Համաձայնագրի կողմերի միջև ապրանքների փոխադրման շրջանակներում դրանց անփոփոխության ապահովումը («ապրանքների ուղիղ առաքում»), որի փաստաթղթային հաստատումը պետք է տրամադրվի մաքսային մարմիններին: