Վիտալի Վովկը խոսել է ԵԱՏՄ հատուկ տնտեսական գոտիներում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը «ՀՏԳ-ները և ԱՏԳ-ները՝ որպես Միութենական պետության և ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման շարժիչ ուժեր» միջազգային համաժողովում առցանց ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին աջակցության տրամադրման մեխանիզմը: Միջոցառումը կայացել է Վիտեբսկ քաղաքում (Բելառուս):

«Այսօրվա դրությամբ ազատ և հատուկ տնտեսական գոտիները առավել բարենպաստ պայմաններ են առաջարկում արտադրության զարգացման համար՝ հարկային և մաքսային արտոնություններ, «մեկ պատուհան» վարչարարության արդյունավետ և հարմար համակարգ, մասնագիտական կառավարում, — նշել է Վիտալի Վովկը: — Ֆինանսական աջակցության մեխանիզմի օգտագործումը նման առանձնաշնորհների հետ միասին արտադրողներին լրացուցիչ հնարավորություններ կտա ամենահավակնոտ նախագծերի իրականացման համար և լավ խթան կդառնա ԵԱՏՄ երկրներում կոոպերացիայի զարգացման համար»:

Վիտալի Վովկն անդամ պետությունների բիզնեսին հորդորել է ավելի ակտիվորեն միանալ ֆինկոոպերացիայի մեխանիզմին:

Միջոցառման ընթացքում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի պետական կառույցների, գործարար համայնքների և տնտեսական գոտիների ներկայացուցիչներ քննարկել են արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համագործակցության արդիական ուղղությունները, ինչպես նաև փոխանակել ներդրումների ներգրավման իրենց փորձը:

Համաժողովը կազմակերպվել է «Վիտեբսկ» ԱՏԳ վարչակազմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի կլաստերների, տեխնոպարկերի և ՀՏԳ-ների ընկերակցության աջակցությամբ: