ՄԱԿ-ի մինչև 2030 թվականը կայուն զարգացման ոլորտի օրակարգի տարածաշրջանային չափման կարևորությունը և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ավանդը քննարկել են «Տարածաշրջանային ինտեգրման դերը ԿԶՆ-ների իրականացման գործում. ԵԱՏՄ և այլ կառույցներ» սլայդ իվենթի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ՄԱԿ-ի ԵՏՀ Կայուն զարգացման տարածաշրջանային համաժողովի շրջանակներում։
Բացմանը մասնակցել են Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Սերգեյ Վասիլևը և Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքին կից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Համբիկ Մինասյանը։
Հիմնական զեկուցողն էր ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, իսկ քննարկման վարողը «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն, ՄԳԻՄՕ-ի Եվրոպական ինստիտուտի գիտական ղեկավար Օլեգ Բարաբանովն էր։
«Եվրասիական տնտեսական ինտեգրումը կարևոր դեր է կատարում ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման գործում և հանդիսանում է ԿԶՆ-ների իրականացմանը նպաստող լրացուցիչ գործոն, — նշել է Սերգեյ Գլազևը։ — ԵԱՏՄ երկրները հաջող քայլեր են ձեռնարկում ԿԶՆ-ների իրականացման համար՝ այս նպատակներն ու խնդիրները ներդնելով իրենց ազգային ծրագրային փաստաթղթերում, ռազմավարություններում և զարգացման հայեցակարգերում»։
Սերգեյ Գլազևը խոսել է Եվրասիական տարածաշրջանում ԿԶՆ-ի մի շարք ցուցանիշների մասով առկա առաջընթացի մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ տնտեսական ինտեգրացիոն օրակարգի աստիճանական զարգացման և սպորտի, առողջապահության և կրթության ոլորտներում տնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտներին դարձվող ուշադրության հաշվին։
«ԵԱՏՄ-ն ձգտում է դառնալ ինքնաբավ, ներդաշնակ զարգացած և գրավիչ մակրոտարածաշրջան աշխարհի բոլոր երկրների համար, որն ունի տնտեսատեխնոլոգիական և մտավոր առաջնորդություն և պահպանում է բնակչության բարեկեցության բարձր մակարդակը, էականորեն համապատասխանում է Օրակարգ-2030-ին», — ընդգծել է Սերգեյ Գլազևը։
ԵՏՀ նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել ԿԶՆ 1-ի՝ «Աղքատության վերացման» և ԿԶՆ 2-ի՝ «Սովի վերացման» իրականացմանը և նշել, որ ԵԱՏՄ պետություններից արտաքին շուկաներ պարենի, առաջին հերթին՝ ցորենի և ալյուրի, ինչպես նաև հանքային պարարտանյութերի արտահանումը ավանդաբար ԵԱՏՄ տնտեսության ուժեղ կողմն է, իսկ Միության երկրների արտադրական և ռեսուրսային ներուժն ի վիճակի է պարենով ապահովել հարյուր միլիոնավոր մարդկանց։
Սերգեյ Գլազևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կողմից գլոբալ մակարդակում մի շարք ԿԶՆ-ների մասով արձանագրված առաջընթացի անբավարար մակարդակը մեծապես պայմանավորված է ստեղծված համաշխարհային դրամաֆինանսական համակարգի անկատարությամբ, որը լուրջ բարեփոխումներ է պահանջում։
ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովն ավելի մանրամասն խոսել է ԿԶՆ-ների իրականացման գործում ԵԱՏՄ ավանդի մասին՝ շեշտը դնելով կանաչ տեխնոլոգիաների ոլորտում տնտեսական համագործակցության և ԵԱՏՄ-ում կանաչ տնտեսության սկզբունքների զարգացման վրա։
ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Կանիբեկ Քասիմալի ուուլուն անդրադարձել է ԿԶՆ-ների և ԵԱՏՄ կլիմայական օրակարգի միջև փոխադարձ կապին։
Իրենց տեսլականը ներկայացրել են նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարյասինը և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչներ։
Տեղեկանք
ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կայուն զարգացման տարածաշրջանային համաժողովը Եվրոպական տարածաշրջանում անցկացվող ամենամյա միջոցառում է փորձի փոխանակման և ԿԶՆ-ների իրականացման լուծումների քննարկման համար:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման ոլորտի օրակարգը ներառում է 17 նպատակ և 169 խնդիր, որոնք համալիր բնույթ են կրում և ապահովում կայուն զարգացման երեք բաղադրիչների՝ տնտեսական աճի, սոցիալական ինտեգրման և բնապահպանական կայունության հավասարակշռությունը:
2022 թվականի վերջին ԵՏՀ-ն հրատարակել է «Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում Կայուն զարգացման ոլորտի նպատակներին հասնելը» ժողովածուն։ Ժողովածուի մեջ ներկայացված են վիճակագրական տվյալներ Եվրասիական տնտեսական միությունում 2017-2021 թվականներին ԿԶՆ-ների տարածաշրջանային ցանկի ցուցանիշներին հասնելու վերաբերյալ: Տարածաշրջանային ցանկը ներառում է 130 ցուցիչ, որոնցից 63-ը առաջարկվել է գլոբալ մակարդակով մշտադիտարկման համար, ինչպես նաև ԵԱՏՄ-ում զարգացման առաջնահերթություններն արտացոլող 67 ցուցիչ։