Նորություններ

30.11.2023

Ներքին պահանջարկը դարձել է ԵԱՏՄ-ում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը

Եվրասիական տնտեսական միության պետությունների մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին զեկույցի նախագիծը նոյեմբերի 29-ի նիստում քննարկել են Մակրոտնտեսական քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամները։ Հետագայում զեկույցը կներկայացվի Միջկառավարական խորհրդին։

Ինչպես ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, ԵԱՏՄ երկրների համար զարգացման արտաքին պայմանները բարդ են մնում, ընդ որում, կառուցվածքային փոփոխությունները նպաստում են տնտեսական աճի կայունության բարձրացմանը։ Նրա խոսքով, մի շարք օտարերկրյա ընկերությունների հեռանալը ազատել է ներմուծման կողմից առաջարկի զգալի մասը։

«Ներմուծումը փոխհատուցելու համար հարց է առաջանում ներդրումների ավելացման անհրաժեշտության մասին, որոնց աղբյուրներից մեկը ներքին ֆինանսական ռեսուրսներն են։ Եվ պետք է սկսենք տնտեսությունից կապիտալի արտահոսքի կասեցումից», — ասել է Սերգեյ Գլազևը։

ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների կանխատեսումներին համապատասխան՝ 2024-2025 թվականներին ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճի տեմպերը կկազմեն, համապատասխանաբար, 2.5% և 2.7%։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ մինչև 2026 թվականը կանխատեսվում է փոխադարձ առևտրի արժեքային ծավալների աճ մինչև 100 միլիարդ ԱՄՆ դոլար։

ԵԱՏՄ-ում մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասով դրական դինամիկա է նկատվում։ Մակրոտնտեսական քաղաքականության վարչության մասնագետների փորձագիտական կարծիքով՝ ներքին պահանջարկը դառնում է տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ Միևնույն ժամանակ, նկատվում է արտաքին պահանջարկի դանդաղում. ԵԱՏՄ երկրներն ավելի ու ավելի են կողմնորոշվում դեպի Միության շուկա։

Փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ-ում շարունակում է ակտիվ զարգանալ, այն դարձել է ավելի հավասարակշռված․ եթե նախկինում բոլոր անդամ պետությունները՝ բացի Ռուսաստանից, փոխադարձ առևտրի շրջանակներում բացասական սալդո ունեին, ապա 2023 թվականին Հայատանում և Բելառուսում դրական սալդո է ձևավորվել, իսկ մնացած երկրներում բացասական սալդոն զգալիորեն նվազել է:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև տնտեսության զարգացման կանխատեսման մեթոդների վերաբերյալ զեկույցի նախագիծը և ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը:

Տեղեկանք 

Մակրոտնտեսական քաղաքականության խորհրդատվական կոմիտեն ԵՏՀ կոլեգիայի խորհրդատվական մարմին է, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հարցերով եզրակացությունների, առաջարկների, հանձնարարականների պատրաստում և խորհրդատվությունների անցկացում: