Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովայի զեկույցը ԵԱՏՄ-ում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորմանն ուղղված գործնական քայլերի մասին մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի մաքսատրանսպորտային կոմիտեի նիստի մասնակիցների շրջանում, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 29-ին։
Կոմիտեի անդամները մանրամասն քննարկել են Նուրժամալ Իլյասովայի ներկայացրած տեղեկատվությունը ԵԱՏՄ ներքին շուկա կեղծ ապրանքների մուտքին դիմակայելու մաքսային գործիքների կատարելագործմանն ուղղված եվրասիական վերջին միտումների վերաբերյալ։
Գերակա ուղղությունների թվում ԵՏՀ ներկայացուցիչն ընդգծել է մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկման, մտավոր սեփականություն պարունակող ապրանքների տեղաշարժի մաքսային հսկողության ընթացակարգերի օպտիմալացման, իրավատերերի իրավունքների խախտման դեմ պայքարի ոլորտում իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և ճշգրտման աշխատանքները։
Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականը մտավոր սեփականության ոլորտում իրավակիրառ և դատական պրակտիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, քննարկել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության այլ արդիական ասպեկտներ:
Տեղեկանք
Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատը (The American Chamber of Commerce in Russia, AmCham Russia) Ռուսաստանի առաջատար օտարերկրյա գործարար ընկերակցությունն է: 1994 թվականին հիմնադրված AmCham-ը ներկայացնում է ամերիկյան խոշորագույն կորպորացիաների, ռուսական ընկերությունների, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի ընկերությունների շահերը:
AmCham-ի առաքելությունն է աջակցել Ռուսաստանում բիզնես վարելուն նպաստող կայուն շուկայական միջավայրի զարգացմանը: