Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 22-ին
22.05.2026

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Մոնղոլիայի կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի և զարգացման նախարար Ժադամբա Էնհբայարը հայտարարել են, Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 22-ին:


Հանդիպման ընթացքում Անդրեյ Սլեպնյովը Ռուսաստանի Դաշնությունում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Դուլամսուրեն Դավաային հանձնել է ԵԱՏՄ-ի կողմից Ժամանակավոր առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին հայտագիր: Մոնղոլիայի կողմից համապատասխան ընթացակարգերն արդեն ավարտված էին:

«Սկսվում է Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև համագործակցության զարգացման նոր փուլ: Կարևոր է առավելագույնս օգտագործել մեր առջև բացվող հնարավորությունները», - նշել է Անդրեյ Սլեպնյովը:

Համաձայնագրի արդյունավետ կիրարկման ապահովման համար կողմերը նախապատրաստել են միջոցառումների պլան, որն արդեն իրականացվում է:

«Կարծում ենք, որ այսօրվա հանդիպումը ոչ միայն Համաձայնագիրն արագ ուժի մտնելու փաստը նշանավորող իրադարձություն է, այլև կարևոր մեկնակետ դրա իրականացումը գործնական բովանդակությամբ լցնելու համար», - ընդգծել է Ժադամբա Էնհբայարը, որը երկխոսությանը մասնակցել ՏԿԿ ռեժիմով:

Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ստորագրվել:

Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից 367 ապրանքային ենթադիրքի նկատմամբ յուրաքանչյուր կողմ կզրոյացնի կամ կնվազեցնի մաքսատուրքերը:

Համաձայնագիրը կնքվել է երեք տարի ժամկետով՝ գործողությունը ևս մեկ եռամյա ժամանակահատվածով ինքնաշխատ երկարաձգման հնարավորությամբ: Առաջին եռամյա ժամանակահատվածի ավարտից հետո կողմերը մեկ տարվա ընթացքում կսկսեն վերանայել Համաձայնագիրը առևտրի գործնականորեն ամբողջ անվանացանկի նկատմամբ ընթացակարգերի պարզեցման և տուրքերի և այլ սահմանափակող կանոնների վերացման նպատակով: