Նորություններ

01.06.2023 (Обновлено: 06.06.2023 09:52)

Ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ քաղաքացիական պաշտպանության և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի տեխնիկական կանոնակարգը

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության «Քաղաքացիական պաշտպանության և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 050/2021):



Տեխնիկական կանոնակարգը միասնական պարտադիր պահանջներ է սահմանում Միության տարածքում շրջանառության մեջ դրվող ապրանքների հետևյալ տեսակների համար՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանիչ կառույցների միջոցներ (պաշտպանիչ և հերմետիկ սարքեր, օդափոխության ագրեգատներ, զտիչներ). կառավարման, կապի և իրազեկման տեխնիկական միջոցներ (ավտոմատացված աշխատանքային վայրեր, բաժանորդային տերմինալներ). արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցներ (ծրագրատեխնիկական համալիրներ, տվյալների փոխանցման միջոցներ, տվիչներ). վթարափրկարարական միջոցներ (վթակափրկարարական մեքենաներ, ռոբոտատեխնիկական միջոցներ, գործիքներ և տուժածների որոնման միջոցներ):




Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է հավաստագրման ձևով և ապահովվում է այս տարվա մայիսի 30-ին Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից հաստատված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների կիրառմամբ:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին աստիճանական սահուն անցում կատարելու նպատակով, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման համար, սահմանվել է անցումային շրջան, որը կազմում է 1,5 տարի՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում այն արտադրանքի վրա, որը մշակված և ձևափոխված է այնպիսի մանրէաբանական (կենսաբանական) օբյեկտների և ռադիոակտիվ նյութերի ճանաչման, հայտնաբերման կամ դրանցից պաշտպանվելու համար, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով. քիմիական զենքում օգտագործվող թունավոր քիմիական նյութերի և զանգվածային անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցների ճանաչման, հայտնաբերման և դրանցից պաշտպանվելու համար մշակված և ձևափոխված արտադրանքի և դրա համար հատուկ մշակված բաղադրիչների վրա, Միության «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011) տեխնիկական կանոնակարգի առարկա անհատական պաշտպանության միջոցների վրա: