Ուժի մեջ են մտնում պետգնումների նպատակով դեղագործական արտադրանքի և բուժարտադրատեսակների տեղայնացման որոշման կանոնների փոփոխությունները
Եվրասիական տնտեսական միության երկրներում հունվարի 22-ից ուժի մեջ կմտնեն Պետական գնումների նպատակով առանձին ապրանքատեսակների ծագման երկրի որոշման կանոնների փոփոխությունները: Դրանք տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ԵԱՏՄ իրավական պորտալում հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 19-ի համապատասխան որոշումը, որը ճշգրտում է Կանոնները պետգնումների նպատակով դեղագործական և բժշկական արտադրատեսակների առանձին տեսակների մասով:

Փոփոխությունները թույլ կտան Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում ներառել 56 ապրանքային անուն արտադրանք: Այդ թվում՝ 31 ապրանք, ներառյալ սինթետիկ մանրաթելերը, ասեղները, պրոթեզները, միզահավաք պարկերը, ուլտրաձայնային սկանավորման սարքերը, դեղորայքային պատրաստուկները, դեղագործական սուբստանցիաները՝ արտադրման պայմանների ցանկի և տեխնոլոգիական գործառնությունների կատարման հիման վրա: 25 ապրանք, ներառյալ բժշկական դիմակները, բինտերը, ներարկիչները, վիրաբուժական նյութերը, լսողական սարքերը, կրակմարիչները, ներառվելու են ՍՏ-1 ձևի հավաստագրի ներկայացման հիման վրա:

Բացի այդ, մինչև 2026 թվականի վերջ երկարաձգվել է Կանոնների N 11 հավելվածի գործողության ժամկետը, որը պարունակում է Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում ՍՏ-1 ձևի հավաստագրի ներկայացման հիման վրա ներառվող ապրանքների ցանկը: Ընդ որում, արտադրանքի առանձին տեսակների համար ժամկետը երկարաձգվում է միայն մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

   

Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանը վարվում է ԵԱՏՄ երկրների այն պետգնումների հասանելիությունն ապահովելու նպատակով, որոնցում առանձնաշնորհներ, սահմանափակումներ և արգելքներ են սահմանվում այլ անդամ պետություններից և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար: Գրանցամատյանում ներառելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի ալգորիթմով: