Հուլիսի 10-ին ուժի մեջ են մտնում սննդամթերքի անվտանգության, յուղաճարպային արտադրանքի, կաթի և կաթնամթերքի, մսի և մսամթերքի, ձկան և ձկնամթերքի, թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի մասին Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխկանոնակարգերի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի N 70 որոշմամբ ընդունված փոփոխությունները։ Նրանք սահմանում են կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակները:
Փոփոխությունները սահմանում են Միության երկրներում գրանցված 75 անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի քանակական մակարդակները կենդանական ծագման ինչպես չվերամշակված, այնպես էլ վերամշակված սննդամթերքներում: Բացի այդ, սահմանվել են տեխկանոնակարգում չնշված և (կամ) անդամ պետությունների տարածքներում չգրանցված անասնաբուժական միջոցների մնացորդների վերահսկողության պահանջներ, ինչը հատկապես արդիական է ներմուծվող արտադրանքի համար:
«Ընդունված փոփոխությունների իրականացման արդյունքում կբարձրանա Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող սննդամթերքի անվտանգությունը։ Սա նաև կօգնի կարգավորել կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային պարունակության վերահսկողության արդյունքների տարբեր մեկնաբանությունների խնդիրը», — ընդգծել է ԵՏՀ նախարար Վալենտին Տատարիցկին։
Կենդանական ծագման սննդամթերք արտադրողներին, արտադրողների կողմից լիազորված անձանց և վաճառողներին (մատակարարներին) նոր պահանջների պահպանմանը աստիճանաբար նախապատրաստելու համար Հանձնաժողովի Կոլեգիան այս տարվա փետրվարին սահմանել է անցումային շրջան։
«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխկանոնակարգի և սննդամթերքի առանձին տեսակներին առնչվող ԵԱՏՄ (Մաքսային միության) այլ տեխկանոնակարգերի համար Խորհրդի N 70 որոշմամբ ընդունված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 18 ամսվա ընթացքում, այն է՝ մինչև 2026 թվականի հունվարի 10-ը, Միությունում դրա արտադրությունը և շուկայահանումը թույլատրվում են վերը նշված տեխկանոնակարգերով նախկինում սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան։ Ընդ որում, ԵԱՏՄ-ի շուկայում նման արտադրանքի շրջանառությունը հնարավոր է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։
Նաև ԵՏՀ խորհրդի նշված որոշումն իրականացնելու համար Հանձնաժողովի Կոլեգիան այս տարվա հունիսի 25-ին փոփոխություններ է կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգի՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներին առնչվող ստանդարտների ցանկում։ Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի N 70 որոշման հետ միաժամանակ, այն է՝ 2024 թվականի հուլիսի 10-ից։