Բարձրագույն խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման առանցքային մոտեցումները

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության օրենսդրության ներդաշնակեցման և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման առանցքային մոտեցումները սահմանող կարգադրությունը:

Ընդունված որոշման հիմքը տարամակարդակ (տարբերակված) մոտեցման ներդրումն է, որը նախատեսում է, որ գործունեության կարգավորմանը ներկայացվող ներդաշնակեցված պահանջները սահմանվելու են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով և կիրառվելու են ֆինանսական շուկայի այն մասնակիցների նկատմամբ, որոնք ծառայություններ են մատուցելու Միության ընդհանուր ֆինանսական շուկայում: Միայն իրենց անդամ պետության տարածքում աշխատող մասնակիցների համար կպահպանվեն ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջները:

«Տարբերակված մոտեցումը հավասարակշռությունն է ինտեգրման խորացման և ազգային ֆինանսական համակարգերի պաշտպանության միջև: Մենք շուկայի համար ստեղծում ենք խաղի հասկանալի պայմաններ. այն ընկերությունները, որոնք ցանկանում են ֆինանսական ծառայություններ մատուցել ամբողջ Միության համար, կստանան կարգավորման միասնական ստանդարտներ, իսկ ներքին շուկայում աշխատողները կպահպանեն սովորական կարգավորիչ միջավայրը: Սա կբարձրացնի ֆինանսական ծառայությունների մատչելիությունը և որակը քաղաքացիների և ընդհանուր առմամբ ազգային տնտեսությունների համար», — ընդգծել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:

Տարբերակված մոտեցումը տալիս է ընտրության ազատություն. ֆինանսական շուկայի մասնակիցներն ինքնուրույն՝ ելնելով իրենց հնարավորություններից և տնտեսական նպատակահարմարությունից, որոշում է ընդունում Միության ընդհանուր ֆինանսական շուկա մուտք գործելու մասին:

ԵԱՏՄ երկրները ղեկավարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել են անդամ պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ մշակել Միության իրավունքի փոփոխությունները՝ հաշվի առնելով ընդունված կարգադրությունը: Նաև նախատեսվել է Միության մասին պայմանագրի, Ներդաշնակեցման մասին համաձայնագրի և ոլորտային ակտերի փոփոխությունների նախապատրաստում ԵԱՏՄ ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմնի ստեղծման ժամկետի, օրենսդրության ներդաշնակեցման մեխանիզմների և ժամկետների հստակեցման համար:

ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկան կառուցվում է չորս հիմնարար սկզբունքի՝  կարգավորման ներդաշնակեցման, լիցենզիաների փոխադարձ ճանաչման, առանց իրավաբանական անձ ստեղծելու անհրաժեշտության ֆինանսական ծառայությունների անդրսահմանային տրամադրման և ազգային կարգավորիչների միջև վարչական փոխգործակցության վրա: