Հատկապես կարևոր է լիաձևաչափ, Եվրասիական տնտեսական միության մատակարարների համար հասանելի, ընդհանուր կանոններով գործող պետական գնումների շուկայի ստեղծման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը, հատկապես անդամ պետությունների կողմից ներմուծման փոխարինման ուղին բռնելու պայմաններում:
Ալմաթիում՝ NON-FOOD-ASIA EXPO-2024 ոչ պարենային ապրանքների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում սա ընդգծել է ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովան։ «ԵԱՏՄ շրջանակներում պետգնումներին փոխադարձ մասնակցության անխոչընդոտ հասանելիության հարցերը» թեմայով նրա ելույթը կայացել է ցուցահանդեսի խորհրդատվական կենտրոնի կողմից կազմակերպված հարթակում։
«Մեր Միության պետգնումների շուկան ենթարկվում է պետական գնումներում ազգային ռեժիմի ապահովման անսասան սկզբունքին, որն ամրագրված է վերազգային իրավունքով։ Միության անդամ ցանկացած երկիր պետգնումներում ԵԱՏՄ այլ երկրների ապրանքների և ծառայությունների համար պետք է ապահովի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ և պայմաններ, քան իր մատակարարների համար»,- նշել է Ժանար Ադիկովան։
Նա անդրադարձել է պետական (համայնքային) գնումներում խոչընդոտների կանխման, նման գնումների նպատակով ԵԱՏՄ-ում ապրանքների ծագման երկրի հաստատման կարգի, խոչընդոտների վերացման հետ կապված հարցերին, այդ թվում՝ պետական (համայնքային) գնումներին մասնակցելու համար էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչման միջոցով:
Ժանար Ադիկովան հիշեցրել է, որ 2023 թվականին անդամ պետությունները ստորագրել են այս առումով շատ կարևոր՝ Պետական գնումների նպատակով բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։ Համաձայնագրով վերացվել է ԵԱՏՄ ներքին շուկայում առկա համապատասխան սահմանափակումը, միասնական պահանջներ են սահմանվել այն բանկերի համար, որոնց երաշխիքները պետգնումների ժամանակ ճանաչվում են Միության այլ երկրներում, նման բանկերի ցանկի ձևավորման մոտեցումները, տրված բանկային երաշխիքների գրանցամատյանի վարման կարգը: Ըստ ԵՏՀ վարչության տնօրենի՝ Հանձնաժողովի հիմնական խնդիրներից է նշված Համաձայնագրի իրականացումը։
Կենտրոնի աշխատանքների շրջանակներում Միության երկրների պետական մարմինների և Հանձնաժողովի ներկայացուցիչները ձեռնարկատերերի համար խորհրդակցություններ են անցկացրել ԵԱՏՄ արտահանման և ներմուծման վերաբերյալ։ Քննարկվել են գնումների կազմակերպման կարգին, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, ապրանքային հոսքերի ուղղությունների ձևավորմանը, արտադրանքի մատակարարների և պատվիրատուների փոխգործակցությանն առնչվող թեմաներ։