Նորություններ

16.09.2022 (Обновлено: 26.09.2022 09:41)

ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ. փորձի փոխանակում ինտեգրացիոն գործընթացների որակյալ զարգացման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության միջև փոխգործակցության խորացման հարցերը քննարկվել են սեպտեմբերի 16-ին Կամբոջայի Թագավորության Սիեմռեապ քաղաքում՝ ԱՍԵԱՆ-ի էկոնոմիկայի նախարարների գագաթնաժողովի ընթացքում։ ԵՏՀ-ին միջոցառմանը ներկայացրել է ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը։

«ԱՍԵԱՆ-ի հետ փոխգործակցությունը ԵԱՏՄ միջազգային գործունեության լայնածավալ օրակարգի առանցքային ուղղություններից է։ Այսօր երկու տարածաշրջանների առջև մեծ հեռանկարներ են բացվում առևտրի և ներդրումների ավելացման առումով», - ասել է ԵՏՀ ներկայացուցիչը՝ նշելով, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության միջև համագործակցությունն աստիճանաբար զարգանում է։

Այսպիսով, ԵՏՀ և ԱՍԵԱՆ-ի միջև տնտեսական համագործակցության ոլորտում 2018 թվականի փոխըմբռնման հուշագրի և մինչև 2025 թվականը գործող Համագործակցության ծրագրի հիման վրա ստեղծվել է երկխոսության ենթակառուցվածք։

«ԵԱՏՄ-ում ինտեգրումը զարգացնելիս մենք հաշվի ենք առնում այլ ինտեգրացիոն կառույցների լավագույն փորձը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք կիսվել մեր մշակումներով։ Սրա օբյեկտիվ պահանջը կա, և ԵՏՀ-ն այս հարցում առավելագույնս թափանցիկ է»,- ընդգծել է Գոհար Բարսեղյանը։

Ինտեգրման զարգացման վարչության տնօրենն առաջարկել է կազմակերպել թվային փոխակերպման վերաբերյալ համատեղ սեմինար, որը երկու միավորումներին թույլ կտա փորձ փոխանակել և ներկայացնել իրենց մշակումներն այս ոլորտում: Այս նախաձեռնությունը դրական է ընդունվել գործընկերների կողմից։

Երկխոսության խորացման մյուս ուղղություններն են՝ աջակցությունը ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ այդ ինտեգրացիոն կառույցների հարթակների օգտագործմամբ, ինչպես նաև համատեղ մասնակցությունը տնտեսական նախագծերի և նախաձեռնությունների խթանման նպատակով միջազգային կազմակերպությունների հարթակներում անցկացվող միջոցառումներին:

Գոհար Բարսեղյանը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը էական դերակատարում ունի ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև կապերի ամրապնդման գործում։ «ԵՏՀ-ն հաջողությամբ պաշտոնականացրել է իր երկխոսությունը Վիետնամի, Կամբոջայի, Թաիլանդի, Սինգապուրի հետ: Այս աշխատանքը դրական ազդեցություն գործեց ԵԱՏՄ և այն երկրների միջև առևտրի վրա, որոնց հետ մենք տնտեսական հարաբերություններ ենք հաստատել»,- ասել է Գոհար Բարսեղյանը՝ ընդգծելով ԵՏՀ-ի պատրաստակամությունը ինչպես ԱՍԵԱՆի-ն քարտուղարության, այնպես էլ ԱՍԵԱՆ-ի մյուս անդամների կառավարությունների հետ, այդ թվում՝ նոր տարածաշրջանային տնտեսական նախաձեռնությունները։

Խորհրդակցությունների ամփոփիչ փաստաթղթում կարևորվել է Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման բաղկացուցիչ տարրերից մեկի՝ Եվրասիայում ինտեգրացիոն կառույցների երկխոսության շարունակությունը գործարար համաժողովների և այլ համատեղ միջոցառումների միջոցով, առևտրի, ներդրումների, տեղեկատվայնացման և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման և խորացման նպատակով:

Միջոցառման շրջանակներում Գոհար Բարսեղյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՍԵԱՆ-ի քարտուղարության ղեկավարության, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների (Կամբոջա, Թաիլանդ, Ֆիլիպիններ) խորհրդակցությունների մասնակիցների հետ։


Տեղեկանք

ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը Միության միջազգային գործունեության 2022 թվականի հիմնական ուղղություններում ամրագրված առաջնահերթություններից է (տարեկան հաստատվում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից): Դրա դինամիկան շատ դրական է։ Այսպես, 2021 թվականին ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը ԱՍԵԱՆ-ի երկրների հետ հասել է ԵԱՏՄ գոյության ողջ ժամանակահատվածի ռեկորդային մակարդակին՝ 23,9 մլրդ դոլար (35% աճ): Միության արտահանումն աճել է մինչև 10,2 մլրդ դոլար (54%-ով), ներմուծումը՝ մինչև 13,7 մլրդ դոլար (23%-ով)։ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրն առևտուր է իրականացնում ԱՍԵԱՆ-ի երկրների հետ, սակայն դրա ծավալները բաշխված են անհավասարաչափ. Ռուսաստանին բաժին է ընկնում ապրանքաշրջանառության մոտ 90%-ը։ Միևնույն ժամանակ ավելանում է Միության անդամ մյուս պետությունների առևտուրը ԱՍԵԱՆ-ի երկրների հետ. Հայաստանի և Բելառուսի ապրանքաշրջանառությունը 2015-2021 թվականներին աճել է 19%-ով, Ղազախստանի ապրանքաշրջանառությունը վերջին 3 տարում կրկնապատկվել է, իսկ Ղրղզստանի ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 1,5 անգամ: Եթե ԱՍԵԱՆ-ը ԵԱՏՄ առևտրային վիճակագրության մեջ հաշվի առնվեր որպես միասնական առևտրային գործընկեր, ապա 2021 թվականի արդյունքներով ընկերակցությունը ապրանքաշրջանառության ծավալով կզբաղեցներ 11-րդ տեղը, որը մոտավորապես նույնն է, ինչ Միության ապրանքաշրջանառությունը Ճապոնիայի կամ Հնդկաստանի հետ: