Նորություններ

05.08.2022 (Обновлено: 11.08.2022 09:40)

ԵՏՀ-ն շարունակում է համագործակցել երկրների հետ ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման ուղղությամբ

«Հնգյակի» երկրների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները օգոստոսի 4-ին կայացած բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ-ի նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի չկարգավորված հարցերը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը, որի նախագահությամբ անցել է հանդիպումը, նշել է փաստաթղթի նախագծի պատրաստության բարձր աստիճանը։ Միևնույն ժամանակ, նա կարևորել է կառուցողական երկխոսությունը և նախանշել լիազոր մարմինների միջև ավելի սերտ փոխգործակցության վրա ջանքերը սևեռելու անհրաժեշտությունը պայմանագրի այն դրույթների կարգավորման համար, որոնք մնում են չհամաձայնեցված:

Խոսքը, մասնավորապես, նավթի և նավթամթերքի փոխադրման ծառայությունների հասանելիությունը տրամադրելու հերթականության և առաջնահերթության, միջպետական փոխադրումների՝ որպես գործարքի տեսակի, իրականացման առանձնահատկությունների, ինչպես նաև ծառայությունների մատուցման հարցերի մասին է:

Խորհրդակցության ընթացքում լիազոր մարմինների ղեկավարները կոնսենսուս են ձեռք բերել նավթի և նավթամթերքի փոխադրման համակարգերի հասանելիության որոշ հարցերի, այդ թվում՝ փոխադրումների տեխնիկական հնարավորության շուրջ։ Կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները ծառայությունների մատուցման պայմանագրի պայմանների վերաբերյալ։

Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիրը սահմանում է դրա գործողության սկզբունքային պայմանները: Ընդհանուր առմամբ, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն իրականացվում է երեք փուլով: Ավարտական երրորդ փուլում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, նախատեսված է, որ ուժի մեջ կմտնի Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիրը։ Ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման և ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման աշխատանքը կատարվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ մասին պայմանագրով, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման Հայեցակարգով և Ծրագրով նախատեսված բազային սկզբունքները։