Նորություններ

01.12.2022 (Обновлено: 13.12.2022 10:43)

ՖԱՕ-ն և ԵՏՀ-ն համատեղ վեբինար են անցկացրել ԵԱՏՄ երկրների ԱԱՀ-ում կենսատեխնոլոգիայի վերաբերյալ

Նոյեմբերի 29-ից 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) հետ համատեղ վեբինար է անցկացրել «Ժամանակակից կենսատեխնոլոգիաները բույսերի սելեկցիայում և գյուղատնտեսական բույսերի գենետիկորեն ձևափոխված սորտերի սերմերի շրջանառության կարգավորման միջազգային փորձը» թեմայով:

«Ժամանակակից կենսատեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման համար։ Սակայն միաժամանակ առկա են նաև շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը ոչ միտումնավոր վնաս հասցնելու ռիսկեր։ Ուստի կարևոր է մշակել այս ոլորտի հավասարակշռված կարգավորում՝ հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձը, որը կներկայացնեն միջազգային փորձագետները»,- բացելով միջոցառումը, ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
ՖԱՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինն իր հերթին նշել է. 
«Ոլորտային, կիրառական գիտության և հատկապես կենսատեխնոլոգիաների զարգացումը լայն հեռանկարներ է բացում գյուղատնտեսության որակապես նոր վերափոխումների համար։ Երկարաժամկետ հեռանկարում այս տեխնոլոգիաները կարող են դառնալ կայուն գյուղատնտեսության զարգացման հիմնական պայման»։

Վեբինարին մասնակցում էին անդամ պետությունների լիազոր մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջոցառման գրանցումը բաց էր։

Բանախոսները ներկայացրել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործման ռիսկերի գնահատման մոտեցումները, կենսաանվտանգության մասին Կարտախենյան արձանագրության դրույթները, Հարավային Կորեայի և Եվրոպական միության փորձը ԳՁՕ-ների կարգավորման գործում: Միջոցառման արդյունքները հաշվի կառնվեն ԵԱՏՄ շրջանակներում սերմերի շուկայի զարգացման և Միության ագրոարդյունաբերական հատվածի արդյունավետության բարձրացման հետագա ինտեգրացիոն աշխատանքներում։

  Միջոցառումը հնարավոր է դարձել ՖԱՕ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և Ռուսաստանի Դաշնության հետ ՖԱՕ-ի կապի գրասենյակի ջանքերի շնորհիվ:


Տեղեկանք

Միջոցառումը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 2013 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։