Նորություններ

06.04.2022

«ԵԱՏՄ շուկայում պարենային ապրանքների եւ անասնակերի պակաս չի սպասվում». ԵՏՀ նախարար

Ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նաեւ ՌԴ-ի դեմ արեւմտյան խիստ պատժամիջոցների հետեւանքով դեռ մարտի կեսերից միջազգային եւ տեղական տնտեսագետները պարենի համաշխարհային ճգնաժամ եւ դեֆիցիտ են կանխատեսել։ Հասկանալի է, որ որքան պատերազմը երկարի, այնքան ճգնաժամը խորը կլինի։ ՌԴ-ն Հայաստանի առեւտրային խոշոր գործընկերն է, այդ թվում՝ պարենային ապրանքների շուկայում։ ՌԴ-ի հետ մեր առեւտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 2 միլիարդ 629 միլիոն դոլար։ Հայաստան ներմուծվող ցորենի 98,9%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Այս հանգամանքով էր պայմանավորված Հայաստանում հանրային խուճապը, երբ ՌԴ-ն որոշ ժամանակով արգելք դրեց պարենային մի խումբ ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի՝ ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի, ինչպես նաեւ շաքարավազի, եղեգնաշաքարի արտահանման վրա։ Չնայած դրան, կառավարությունից մարտի կեսերին վստահեցնում էին՝ ՀՀ-ում որեւէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսում չի առաջանա։

Քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, հենց այս կառույցից «Առավոտը» փորձեց պարզել, թե որպես գործընկեր ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրներ, մասնավորապես ՀՀ նշված ապրանքների որոշակի քանակ մատակարարվի՝ պարենի դեֆիցիտ չառաջանալու համար։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` ԵՏՀ-ի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ- նախարար Արտակ Քամալյանը մեր հարցին ի պատասխան վստահեցնում է՝ ԵՏՀ-ի ուշադրության կենտրոնում են ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ ծավալով գյուղատնտեսական մթերքներով եւ պարենային ապրանքներով ապահովելու հետ կապված հարցերը։ Նրա փոխանցմամբ՝ մարտի 17-ին ԵՏՀ Խորհուրդը որոշում է կայացրել մեծ խումբ ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի ներմուծումը վեց ամսով ազատել մաքսատուրքից. «Բացի այդ, մարտի 22-ին Հանձնաժողովի ագրարային բլոկի հարթակում տեղի ունեցած գյուղատնտեսական մթերքների օպերատիվ մատակարարման հարցով աշխատանքային խմբի նիստում Միության պետական մարմինները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ագրոպարենային ապրանքների ընթացիկ կարիքների վերաբերյալ, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է դրանց վրա ՌԴ-ից արտահանման քվոտաներ սահմանելու համար, ինչպես նաեւ միության մյուս գործընկեր երկրների հնարավորությունների հաշվին լրացնել ապրանքների պակասուրդի ծավալները»։

Թե ի՞նչ քայլեր են արվում արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների ու ռիսկերի կառավարման, պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ, պարոն Քամալյանը նշում է՝ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա պատժամիջոցների ազդեցության համալիր վերլուծություն դեռ չի իրականացվել, քանի որ կան բազմաթիվ գործոններ, որոնք դժվար է գնահատել կարճաժամկետ հեռանկարում. «Ուստի, կարծում եմ, որ այս պահին անհիմն եւ վաղաժամ է գնահատել սահմանափակումների հետեւանքները։ Այսօր առաջնահերթ խնդիրն է երաշխավորել Միությունում ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքի ընդհատումն ու պարենային պակասուրդի կանխումը ԵԱՏՄ շուկայում։ Ընդգծեմ՝ ԵԱՏՄ-ն գյուղարտադրանքի զուտ արտահանողներից աշխարհում խոշորագույնն է, հետեւաբար, կենսական նշանակության ապրանքների պակասուրդի վտանգ չկա։ Միաժամանակ, ԵԱՏՄ-ում պատժամիջոցների կիրառումից առաջացած ռիսկերը կառավարելու եւ պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով որոշումներ են ընդունվում անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացման ուղղությամբ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում ԵՏՀ հարթակում տարված աշխատանքի արդյունքն է իրավիճակի կայունացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների փաթեթի ընդունումը. դրանք են՝ մաքսային կարգավորման համատեղ միջոցառումներ, ֆինանսական շուկաների եւ փոխադարձ հաշվարկների կայունացման եւ Միության համակարգային զարգացման միջոցառումներ»: Քամալյանն օրինակ է բերում՝ ԵՏՀ Խորհրդի որոշմամբ՝ վեց ամսով ներմուծման մաքսատուրքից ազատվում են միս, կաթնամթերք, բանջարեղեն, արեւածաղկի սերմեր, հյութեր, շաքարավազ, կակաոյի փոշի, ամինաթթուներ, օսլա եւ այլ պարենային ապրանքներ։ Ըստ նրա, նույնը կիրառվում է սննդամթերքի արտադրության համար անհրաժեշտ ապրանքների դեպքում, օրինակ՝ բույսերի պաշտպանության միջոցներ, շաքարավազ, լիզին (կիրառվում է կենդանիների կերն ու որոշ սննդանյութեր հարստացնելու համար)։ «Բացի այս, ձեռնարկվում եւ իրականացվում են արագ արձագանքման միջոցառումներ՝ փոխադարձ մատակարարումների խոչընդոտներն ու ընդհատումները կանխելու նպատակով, համատեղ միջոցներ են ներդրվում ԵԱՏՄ տարածքից դուրս գյուղատնտեսական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ։ ԵԱՏՄ երկրներին առաջարկվել է հանձնաժողովին ներկայացնել ցորենի եւ մեսլինի (ցորենի եւ տարեկանի խառնուրդ), գարու, եգիպտացորենի, արեւածաղկի ձեթի եւ շաքարավազի տարեկան արտադրության եւ սպառման գնահատված ծավալները՝ համապատասխան հաշվեկշիռ ձեւավորելու համար»,-ասում է նախարարը։ Նրա վստահեցմամբ՝ Հայաստանի բնակչության՝ բուսական յուղի պահանջարկը կարող է ամբողջությամբ ծածկվել միության երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից մատակարարումներով. «Հաշվի առնելով ընթացող աշխատանքներն ինչպես ազգային համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ հանձնաժողովի մակարդակով, ԵԱՏՄ շուկայում պարենային ապրանքների եւ անասնակերի պակաս չի սպասվում»։ Չնայած, որ ԵՏՀ իրավասության տակ չէ Վերին Լարսի անցակետում պարբերաբար առաջացող բեռնափոխադրման խնդիրները, այդուհանդերձ, Արտակ Քամալյանից հետաքրքրվեցինք՝ ԵՏՀ-ին մտահոգո՞ւմ է, որ երկու ուղղությամբ փոխադրվող ապրանքների մատակարարումն, այդ թվում՝ պարենային, բավականին երկար ժամանակով ուշանում է, շուկայում ապրանքների պակաս է առաջանում, հանձնաժողովն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել խնդիրը մեղմելու համար։ Քամալյանն ի պատասխան ասում է՝ ԵՏՀ-ն չունի գործիքներ՝ կարգավորելու Վերին Լարսի անցակետում միջպետական մակարդակի հարցը, այնուամենայնիվ, ըստ նրա, հանձնաժողովն աշխատում է տրանսպորտային եւ լոգիստիկ մատակարարման շղթաների բարելավման, ապրանքների տեղափոխման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ. «Օրինակ, ներկայումս մշակվում է ԵԱՏՄ ապրանքաբաշխման համակարգի ձեւավորման հայեցակարգ մշակելու հարցը, որը, բացի գյուղմթերք արտադրողների համար գործարքային ծախսերի կրճատումից, կբարձրացնի սննդամթերքի ֆիզիկական հասանելիության մակարդակը Միության բնակչության համար։ Հայեցակարգի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին վերացնել լոգիստիկ շղթայի ոչ թափանցիկությունը, ավելացնել պահեստավորման հզորությունները, ստեղծել ապրանքանյութական հոսքերի վերաբերյալ որոշումների կայացման եւ կառավարման միասնական համակարգ: Սպասվող ազդեցություններից մեկը կլինի մեր երկրների արտահանման ներուժի բացահայտումը։ Ընդհանուր ապրանքաբաշխիչ ցանցը կընդլայնի Միության արտադրանքի աշխարհագրությունը աշխարհում՝ կազմակերպելով մատակարարումներ ավելի հեռավոր շրջաններ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ