Նորություններ

16.11.2022 (Обновлено: 24.11.2022 12:45)

ԵԱՏՄ երկրները նախատեսում են համաձայնագիր ստորագրել օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ առևտրի մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական միությունում օրգանական արտադրանքի ճանաչման կարգի մասին համաձայնագրի նախագիծը։ Փաստաթուղթը Միության պետությունների ներպետական համաձայնեցմանը կենթարկվի մինչև 2023 թվականի մարտի 10-ը։ 

«Համաձայնագիրը թույլ կտա ԵԱՏՄ շրջանակներում միասնականացնել օրգանական արտադրանքի արտադրությանը և մակնշմանը ներկայացվող պահանջները, ինչը հիմք կհանդիսանա համապատասխանության հավաստագրերի փոխադարձ ճանաչման և այդ արտադրանքի ազատ շրջանառության համար։ ԵԱՏՄ երկրների բոլոր արտադրողների մուտքը ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկա լավ խթան կհանդիսանա ԵԱՏՄ-ում օրգանական հատվածի զարգացման տեմպերի ավելացման, Միության երկրների գյուղատնտեսական ապրանք արտադրողների կոոպերացիայի հիման վրա օրգանական արտադրության տարբերակման և օրգանական արտադրանքի վերամշակման խորացման համար», - ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ 

Համաձայնագիրը նախատեսում է անդամ պետություններում իրացվող օրգանական արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջների միասնականացում, արտադրանքի մակնշման մեջ «օրգանական», «կենսաբանական», «էկոլոգիական» տերմինների համարժեք օգտագործում, ինչպես նաև օրգանական արտադրանքի փաթեթվածքին վերջինիս արտադրության համապատասխանության միասնական նշանի տեղադրում: 

Տեղեկանք

Փաստաթղթի նախագծի մշակումը նախատեսված է ԵԱՏՄ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզով, որը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի № 16 կարգադրությամբ։

Օրգանական արտադրանքի սպառման համաշխարհային շուկան վերջին տասնամյակներին ցույց է տվել կայուն աճ: 2020 թվականին այս ոլորտում գրանցվել է հերթական ռեկորդային մակարդակ՝ 129 մլրդ դոլար, որի մասին վկայում են Եվրոպայի Օրգանական գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտի (FiBL) տվյալները 190 երկրի վերաբերյալ:

Օրգանական արտադրանքի սպառման շուկայի ավելի քան 80%-ը կենտրոնացած է Հյուսիսային Ամերիկայի (ավելի քան 57 մլրդ դոլար) և Եվրոպայի երկրներում (56 մլրդ դոլար), Ասիայի երկրների շուկան գնահատվում է 13,5 մլրդ դոլար։