Նորություններ

30.09.2024

Անդրեյ Սլեպնև. «Թվային տեխնոլոգիաների ներդրումը առևտրում զգալիորեն կրճատում է բիզնեսի գործառնական և ժամանակային ծախսերը»

Եվրասիական տնտեսական համաժողով-2024-ի շրջանակներում Երևանում կայացել է «Առևտրի թվային փոխակերպումը ԵԱՏՄ-ում. ուրվագծերից մինչև իրականացում» նստաշրջանը։ Պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչները և փորձագետները քննարկել են ԵԱՏՄ-ում առևտրի թվային վերափոխման առանցքային ուղղությունները, լոգիստիկայի պարզեցումը և թվայնացումը, թվային ապրանքների առևտրի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր առմամբ թվային առևտրի նոր միտումներն ու տեխնոլոգիաները։

«Ըստ որոշ հաշվարկների՝ թվային տեխնոլոգիաների ներդրումը առևտրում ավելի քան կիսով չափ կրճատում է գործառնական ծախսերը և զգալիորեն նվազեցնում ժամանակի ծախսերը։ Մենք դա արդեն տեսնում ենք մի շարք նախագծերում, որոնք իրականացնում ենք»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Միաժամանակ նա զգուշացրել է, որը առևտրային խոչընդոտները անխուսափելիորեն կառաջանան, եթե մեր առևտրային գործընկերներն անցնեն անթուղթ տեխնոլոգիաների, իսկ Եվրասիական տնտեսական միության երկրները՝ ոչ։ Այսօր, ըստ նախարարի, թվային տնտեսության և թվային առևտրի զգալի մասն ընդհանրապես դուրս է պետական կարգավորումից, ուստի անհրաժեշտ է խելամիտ հավասարակշռություն գտնել հանրային շահի և բիզնես ազատության միջև։

«Մեր երկրների ղեկավարների կողմից ստորագրված մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի հռչակագրում ակտիվորեն կարևորվում են կոնրկրետ քայլերը առևտրի ոլորտում։ Ներկայումս մենք մանրամասն պլան ենք պատրաստում, թե ինչ պետք անել այս ուղղությամբ»,- նշել է Անդրեյ Սլեպնևը։

Այն ուղղությունների թվում, որոնցում արդեն մի քանի տարի է, ինչ աշխատանքներ են տարվում, նախարարն առանձնացրել է լոգիստիկայի թվայնացումը երկաթուղային փոխադրողների փոխհարաբերությունների հարթակում, ինչպես նաև ապրանքների մակնշման հարցերը, որը նաև սեփական պաշարներով բիզնեսի կառավարման հիմք է տալիս։ Հաջորդը փոխադարձ առևտրում ընդհանուր առմամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հիմնական մոդելի ձևավորումն է, առևտրում արհեստական բանականության օգտագործման առավել հաջող օրինակների գրանցամատյանի ստեղծումը, խելացի պայմանագրերի ապակենտրոնացված b2b համակարգի ներդրումը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտիների մասին ԵԱՏՄ համաձայնագրերում էլեկտրոնային առևտրին վերաբերող բաժինների ընդգրկման ընդլայնումը։

Քննարկման մասնակիցներին իրենց մշակումներն ու կարծիքն են ներկայացրել «Սբերբանկ» ՀԲԸ գործադիր տնօրեն Վիկտոր Սերգեևը, ԷՍԿԱՏՕ անդրսահմանային անթուղթ առևտրի մասին շրջանակային համաձայնագրի պատասխանատու քարտուղար Թենգֆեյ Վանգը, Եվրոպայի բիզնեսի ընկերակցության գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգը, Ղրղզստանի Հանրապետության էլեկտրոնային առևտրի ընկերակցության նախագահ Այբեկ Կուրենկեևը, «ԿՎՏ» ՊԿ գործառնական տնօրեն Յուլիա Պանինան, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կարգավորման վարչության տնօրեն Լիլիա Շչուր-Տրուխանովիչը, ինչպես նաև Ecasb մարկետփլեյսի B2B ներկայացուցիչ Մոհթարամ Թագինեժադը (Իրանի Իսլամական Հանրապետություն): Հանդիպումը վարել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության էլեկտրոնային առևտրի և ապրանքների մակնշման կարգավորման բաժնի պետ Իլյա Կաբանովը։