Նորություններ

03.07.2024

Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինը հուլիսի 3-ին Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել հետագա փոխգործակցության հարցերի շուրջ։

Կողմերը, մասնավորապես, քննարկել են ԵՏՀ և ՇՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության և ՇՀԿ երկրների միջև համագործակցության հեռանկարները:

Զրույցի ընթացքում Բակիտժան Սագինտաևը նշել է, որ ներկայումս ավարտվում է Հուշագրի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստումը։ Այս կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի նախագահն առաջարկել է փաստաթղթի ստորագրումը կազմակերպել Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, որը կանցկացվի այս տարվա աշնանը Հայաստանում։

Խոսելով «ԵԱՏՄ-ՇՀԿ» ձևաչափով հետագա փոխգործակցության հնարավորությունների մասին՝ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության պետությունները շահագրգռված են միջազգային տրանսպորտային միջանցքների, մուլտիմոդալ և բեռնարկղային փոխադրումների զարգացման, տարածաշրջանում բեռնափոխադրումների թվայնացման հարցում։

Այս կապակցությամբ, համատեղ մոտեցումների մշակումն արագացնելու նպատակով, Բակիտժան Սագինտաևն առաջարկել է մոտ ապագայում անցկացնել ՇՀԿ մասնակից երկրների տրանսպորտի նախարարների և ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի համատեղ խորհրդակցություն:

Կողմերը քննարկել են նաև ՇՀԿ կենտրոնակայանում «ԵԱՏՄ օրեր» անցկացնելու ԵՏՀ նախաձեռնությունը։

«Այս միջոցառումը, անշուշտ, կգրավի գործարար համայնքի ներկայացուցիչների ուշադրությունը։ Վստահ եմ, որ փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակումը կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։
Չժան Մինն իր հերթին նշել է, որ ՇՀԿ և ԵԱՏՄ փոխգործակցության գործոնն էլ ավելի կարևոր է դառնում ժամանակակից համաշխարհային ճարտարապետության մեջ։ Ինտեգրացիաների երկխոսությունը՝ շեշտը դնելով տնտեսական հարցերին առնչվող գործնական փորձի փոխանակմանը, կոչված է հարմարավետ և կանխատեսելի պայմաններ ապահովելու Մեծ Եվրասիայի զարգացման համար։