Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հուլիսի 4-ին Աստանայում բանակցություններ է վարել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գլխավոր քարտուղար Խուսրավ Նոզիրիի հետ։
Կողմերը քննարկել են միջազգային փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, համագործակցության հեռանկարային ուղղությունները։
Բակիտժան Սագինտաևը նշել է ԵԱՏՄ և ՏՀԿ գործունեության ուղղությունների նմանությունը։ Այս կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի նախագահն առաջարկել է օգտագործել եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների կապակցման կողմերի առկա ներուժը, այդ թվում՝ տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը, առևտրատնտեսական հարաբերությունների ազատականացումը, համագործակցությունը թվայնացման և էներգետիկ ռեսուրսների ոլորտներում:
«Ցանկացած ինտեգրացիոն գործընթացների կապակցումը նպաստում է միջազգային միավորումների անդամ պետությունների տնտեսությունների ներուժի լրացուցիչ բացահայտմանը։ ԵԱՏՄ-ն և ՏՀԿ-ն պետք է մշտական երկխոսություն հաստատեն համատեղ խնդիրների լուծման համար», — նշել է Բակիտժան Սագինտաևը։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները հստակեցնելու համար կողմերը պայմանավորվել են քննարկել ԵՏՀ և ՏՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի նախապատրաստման հնարավորությունը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահը վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակման տարբեր ձևերի ստեղծումը կնպաստի երկու ինտեգրացիոն միավորման երկրների տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերի համակարգմանը։
Բացի այդ, Բակիտժան Սագինտաևը Խուսրավ Նոզիրիին հրավիրել է մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովին, որը կանցկացվի այս տարվա աշնանը Երևանում։
Դրա կազմում ընդգրկված է տասը երկիր՝ Աֆղանստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Թուրքիա և Ուզբեկստան։ ՏՀԿ աշխատանքները համակարգում է ՏՀԿ քարտուղարությունը: