Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության բյուջեի հաշվին արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության նոր մեխանիզմին մասնակցելու վերաբերյալ բիզնեսի առաջին հայտը:
Հայտը հանձնաժողովը ստացել է «Գազպրոմբանկ» ԲԸ-ից և վերաբերում է Ռուսաստանի «Տիտան պոլիմեր» ՍՊԸ-ի նախագծին։ Նախագծի շրջանակներում նախատեսում է ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների կոոպերացիոն մասնակցությունը տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման մասով։
«Նախագիծը մեզ թույլ կտա Միության երկրների միջև կոոպերացիա հաստատել տեխնոլոգիական, օրինակ՝ էլեկտրատեխնիկական, կաթսայական և հակահրդեհային սարքավորումների մատակարարման հարցում: Դրա իրականացման արդյունքում կստեղծվի քիմիական ոլորտի ներմուծման փոխարինման ժամանակակից համալիր»,- նշել է Գոհար Բարսեղյանը։
Խորհրդատվական կոմիտեն ԵԱՏՄ ընդհանուր տեղեկատրվական ռեսուրսների պորտալի «Արդյունաբերություն» բաժնում տեղադրելու համար համաձայնեցրել է Տեխնոլոգիաների փոխանցման, արդյունաբերությունում գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, անդամ պետություններում արդյունաբերական սեփականության հաշվառման ոլորտներում իրավասություն ունեցող կազմակերպությունների ցանկը և Գիտատեխնիկական տեղեկատվության և փորձի փոխանակմանն ուղղված տեղեկատվական ռեսուրսների ցանկը Միությունում արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացման նպատակով։
Բացի այդ, քննարկվել են գունավոր մետաղագործության ոլորտում ԵԱՏՄ պետությունների միջև ինտեգրացիոն համագործակցության զարգացման հարցեր։ Միության երկրները հավանության են արժանացրել այս ոլորտի զարգացման վերլուծական ակնարկը։
Ակնարկը տեղեկատվություն է պարունակում համաշխարհային շուկայի և Միության գունավոր մետաղների շուկայի ընթացիկ իրավիճակի մասին, ներկայացնում է միջնաժամկետ հեռանկարում դրանց զարգացման կանխատեսումները, տեղեկություններ ԵԱՏՄ-ում այս և հարակից ոլորտներում կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին՝ համատեղ նախագծերի օրինակներով: Փաստաթղթում առկա է նաև տեղեկատվություն գունավոր մետաղագործությունում կանաչ օրակարգի իրականացման մասին։