Ապրիլի 3-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներկայիս վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։
Մասնավորապես, քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության, արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրականացման և ավելացված արժեքի շղթաների ստեղծման, տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկայի կատարելագործման հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվային խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մշակմանը և իրականացմանը, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի կատարելագործմանը։
Բակիտժան Սագինտաևը հայտնել է, որ ընթացիկ տարում Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին կներկայացնի համատարած թվայնացման պայմաններում «չորս ազատությունների» սկզբունքի տեսլականը։
ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև տեղեկացրել է 10 տարվա ընթացքում եվրասիական «հնգյակի» առանցքային ձեռքբերումների մասին։
Այսպես, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուրը գրեթե կրկնապատկվել է, իսկ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով։ ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 2.4 տրլն դոլար, դրական դինամիկա են ցույց տալիս նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներ։
Քննարկելով ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները՝ կողմերը դիտարկել են Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հետ համատեղ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում ամրագրված նախաձեռնությունների իրականացումը։
Հանդիպման շրջանակներում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել արտաքին ուղու վրա ԵԱՏՄ գործունեության ուժեղացման, երրորդ երկրների և միջազգային միավորումների (ՇՀԿ, ԲՐԻԿՍ, ԱՍԵԱՆ, Անդյան համայնք և այլն) հետ փոխգործակցության ակտիվացման հարցերի շուրջ։
Հանդիպման արդյունքների հիման վրա Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մի շարք կոնկրետ հանձնարարություններ է տվել և նոր խնդիրներ դրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջև։