Եվրասիական տնտեսական միությունում օրգանական արտադրանքի շրջանառության կարգավորման ձևավորվող մոտեցումների և վերջինիս արտադրության, հավաստագրման և ԵԱՏՄ ընդհանուր շուկայում նման ապրանքների ազատ շրջանառության համար անհրաժեշտ մակնշման միասնական պահանջների մասին «Օրգանական արտադրություն. հնարավորություններ, հեռանկարներ և միջազգային համագործակցություն» Նևայի միջազգային բնապահպանական կոնգրեսի հատուկ նստաշրջանի շրջանակներում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։
ԵՏՀ ներկայացուցիչը հատուկ կարևորել է Միության շրջանակներում օրգանական արտադրանքի ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը, որն այժմ ներպետական համաձայնեցման փուլում է։ Փաստաթղթի ստորագրումը հիմք կհանդիսանա նման մթերքի ընդհանուր շուկայի արդյունավետ գործունեության համար և կապահովի դրանց ազատ շրջանառությունը ԵԱՏՄ ողջ տարածքում։
«ԵԱՏՄ-ում արտադրված օրգանական արտադրանքի իրացման հիմնական ուղղությունը մնում են եվրոպական երկրները, հեռանկարային շուկաներ են Չինաստանը և Մերձավոր Արևելքի երկրները։ Մենք հիմնականում մատակարարում ենք օրգանական ցորեն, կանճրակ, արևածաղիկ, սոյայի ունդեր, ոլոռ, եգիպտացորեն», — նշել է Արմեն Հարությունյանը։
Հանձնաժողովի ներկայացուցիչը խոսել է նաև ԵՏՀ կողմից անդամ պետությունների պրոֆիլային նախարարությունների հետ համատեղ նախապատրաստված «ԵԱՏՄ օրգանական ատլաս» տեղեկագրքի մասին։ Հավաքածուն պարունակում է Միության երկրների օրգանական արտադրանքի հավաստագրված արտադրողները և նրանց կողմից թողարկվող արտադրանքը, ինչպես նաև տեղեկատվություն օրգանական հատվածի զարգացման մասին:
Տեղեկանք
Նևայի 10-րդ միջազգային բնապահպանական կոնգրեսին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Յացկինը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, Ռուսաստանի որակի համակարգի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ռուսաստանի շրջանների և բիզնեսի ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում բացվել է նաև Օրգանական արտադրանքի առաջին համառուսաստանյան տոնավաճառը, որը կազմակերպել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի հետ համատեղ, և որին մասնակցել է 60 արտադրող Ռուսաստանի 31 շրջանից։