ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌևՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ և ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Կարո՞ղ են արդյոք կիրառվել սահմանափակումներ փոխադարձ առևտրում։
Պայմանագրի 28-րդ հոդվածում նախատեսված է, որ ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում Միության անդամ պետությունները չեն կիրառում ոչ սակագնային կարգավորման միջոցներ:
Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չեն հանդիսանում), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար, մարդու կյանքի և առողջության պահպանման, հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, ինչպես նաև կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի պահպանության համար (Պայմանագրի 29-րդ հոդված):
Ինչպիսի՞ նոր երաշխիքներ են սահմանվել Պայմանագրի նորմերով Միության անդամ պետությունների անձանց նկատմամբ հիմնադրման, գործունեության և ծառայությունների մատուցման ժամանակ։ Որո՞նք են Պայմանագրի ազգային և այլ ռեժիմային դրույթների առանձնահատկությունները:
Պայմանագրի N 15 Բաժինը երաշխավորում է ազգային ռեժիմի (այսուհետ՝ ԱՌ) տրամադրում, այսինքն մյուս Կողմերի անձանց (ներառյալ՝ քաղաքացիներին, անհատ ձեռնարկատերերին, ծառայություններ մատակարարողներին և ստացողներին, հիմնադիրներին, դուստր և այլ, Կողմերի անձանց կողմից վերահսկվող) հիմնադրման, գործունեության և ծառայությունների առևտրի իրականացման այնպիսի պայմանների տրամադրման ռեժիմի, որոնք ավելի վատ չեն, քան սեփական երկրի անձանց տրամադրվածներից, բոլոր միջոցների վերաբերյալ։ Մինչև 01.01.2015 թվականն ԱՌ-ը հնարավոր չէր կիրառել արտասահմանյան կապիտալով անձանց կամ մյուս Կողմերի անձանց կողմից կամ նրանց մասնակցությամբ ստեղծված դուստր կազմակերպությունների համար։ Այժմ ԱՌ-ն երաշխավորվում է ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Միության տարածքում հիմնադրված կամ ստեղծված մասնաճյուղերին և ներկայացուցչություններին:
Բացակայում էին Կողմերի պարտավորությունները ծառայություններ ստացողներին առավել բարենպաստության ռեժիմի (այսուհետ՝ ԱԲՌ) տրամադրման վերաբերյալ։ Այսուհետ ծառայություններ ստացողներին երաշխավորվել է ԱԲՌ (այսինքն՝ ռեժիմ, որն ավելի վատ չէ, քան այն ռեժիմը, որը տրամադրվել է հենց այդպիսի ծառայություններ երրորդ երկրների ստացողների համար)։ Այն դեպքում, երբ երրորդ երկրների համար մտցված միջոցների նկատմամբ կիրառվում է ավելի բարենպաստ ռեժիմ, քան անդամ պետությունների նկատմամբ կիրառվածը, տվյալ միջոցը մտցրած պետությունը պարտավոր կլինի ավտոմատ կերպով տարածել հենց այդպիսի կամ ոչ ավելի քիչ բարենպաստ ռեժիմը նաև Կողմերի անձանց վրա։ Նախկինում անհնարին էր կիրառել ԱԲՌ-ը մի Կողմի անձանց նկատմամբ, որոնք գործում էին մյուս Կողմի տարածքում, այդ թվում՝ իրենց կողմից հիմնադրված կազմակերպությունների, բացված մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով։ Ցանկացած Կողմ կարող էր մտցնել ցանկացած առավելություններ երրորդ երկրների անձանց նկատմամբ, չտրամադրելով հենց այդպիսի առանձնաշնորհումներ մյուս Կողմերի անձանց (այդ թվում՝ բացառումների ցանկում նրանց բացակայության դեպքում):
01.01.2015 թվականից ԱԲՌ-ը երաշխավորված է ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում մասնաճյուղերին և ներկայացուցչություններին, որոնք հիմնադրվել կամ ստեղծվել են Միության անդամ ցանկացած պետության տարածքում:
01.01.2015 թվականից ցանկերը, որոնց նկատմամբ գործում է ԲՌ-ը, ԱԲՌ-ը և Պայմանագրի N 15 բաժնով նախատեսված այլ երաշխիքները, կառուցված են «նեգատիվ» սկզբունքով (այսինքն՝ եթե չկան հորիզոնական կամ հատվածային սահմանափակումներ, ազատ են ծառայությունների բոլոր հատվածները և գործունեության տեսակները)։ Այդպիսի նորամուծությունը, որը չի ընկալվել ԱՀԿ-ի համաձայնագրերով և ինտեգրացիոն միությունների կողմից, թույլ է տվել ընդլայնել ազատականացման մեջ ընդգրկված միայն ծառայությունների հատվածների քանակը։ Դրա հետ կապված Կողմերի ձեռնարկատերերի համար բացվել են մեծ քանակությամբ շուկաներ՝ ծառայությունների մատուցման (սպառման), գործունեության և ներդրումների իրականացման համար:
Այսպիսով, բացառապես Պայմանագրի N 15 բաժնում, ինտեգրացիոն միավորումների պատմության մեջ առաջին անգամ սահմանվել են լիարժեք ԲՌ, ԱԲՌ, քանակական և ներդրումային սահմանափակումների չկիրառման ռեժիմ, որոնց գործողությունը տարածվում է Միության անդամ պետությունների բոլոր անձանց վրա:
Ո՞ր փաստաթղթերում են պարունակվում սահմանափակումների և բացառումների ցանկեր։ Արդյո՞ք դրանք սպառիչ են:
16-րդ հավելվածի 2-րդ հոդվածով նախատեսվել է բացառապես առանձին ազգային ցանկերի (այսուհետ՝ ԱԱՑ) հաստատման լիազորությունների փոխանցում ԵՏԲԽ-ին, ինչը թույլ է տալիս ԱԱՑ-ից շարժունակ կերպով և փուլ առ փուլ բացառել ծառայությունների և գործունեության տեսակների «փակ» ոլորտները, այդպիսով իրագործելով ԵԱՏՄ մասին Պայմանագրի նորմերը:
Պայմանագրի 16-րդ հավելվածի 2-րդ հավելվածը և Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 23.12.2014 թ. N 112 որոշումը (այսուհետ՝ N 112 որոշում) ունեն հորիզոնական սահմանափակումների և ոլորտային բացառումների նվազագույն հավաքակազմ, այդ թվում՝ ԲՌ-ից, ԱԲՌ-ից, քանակական և ներդրումային սահմանափակումների չկիրառման ռեժիմներից:
Հնարավո՞ր է արդյոք անդամ պետությունների կողմից նոր սահմանափակումների ներմուծումը, այդ թվում ոչ խտրական հիմքով:
ԵԱՏՄ մասին Պայմանագրի 66-րդ հոդվածն ապահովում է. 1) ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու և ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ապաազատականացման անթույլատրելիություն, 2) շուկայում գործող իրավիճակի ամրապնդում, 3) ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ծամանակ կայունություն և անդամ պետությունների անձանց տրամադրվող ռեժիմի վատթարացման արգելում:
Այդ նորմն ուժեղացվել է ԵԱՏՄ մասին Պայմանագրի 67-րդ հոդվածում շարադրված «հաջորդականության» սկզբունքով, որի համաձայն, ցանկացած միջոցների կիրառման ժամանակ անթույլատրելի է փոխադարձ մուտքի պայմանների վատթարացում այն պայմանների համեմատությամբ, որոնք գործել են ԵԱՏՄ մասին Պայմանագրի ստորագրման ամսաթվին (այսինքն՝ 29.05.2015-ի դրությամբ) և այդ Պայմանագրում ամրագրված պայմանների:
Եվ վերջապես, Պայմանագրի 16-րդ հավելվածի 62-րդ կետի հիման վրա, Կողմերն արդեն չեն կարող կիրառել թույլտվության այնպիսի պահանջներ և ընթացակարգեր, որոնցով չեղյալ է համարվում կամ նվազեցվում է բիզնեսի ցանկացած սուբյեկտի օգուտը, որոնք չեն սահմանվել Կողմի օրենսդրությամբ և որոնք այդ Կողմը չի կիրառել 29.05.2015-ի դրությամբ:
Այդպիսով, միայն Պայմանագրի N 15 բաժնում ինտեգրացիոն միավորումների պատմությունում առաջին անգամ սահմանվել են.
Միության մասին Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին գործող՝ թե միջազգային պայմանագրերում, թե ազգային օրենսդրության մեջ սահմանված ռեժիմների վատթարացման անհնարինություն,
ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության ազգային և վերազգային կարգավորման ժամանակ գործող արգելքների վերացման և նոր արգելքների ստեղծման կանխարգելման պարտավորություն:
Ինչպե՞ս և որ ոլորտներում են իրագործվում ծառայությունների միասնական շուկայի կանոնները:
Պայմանագրի N 15-րդ բաժնում սահմանվել են ծառայությունների միասնական շուկայի (այսուհետ՝ ԾՄՇ) կանոնները, նրա ձևավորման կարգը և փուլերն ծառայությունների առանձին ոլորտների, որտեղ նախատեսվել են ազատականացման ծրագրեր:
Պայմանագրի հիման վրա Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 23.12.2014 թ. N 110 որոշմամբ հաստատվել են ծառայությունների 43 հատվածներ, որոնցում գործարարների համար արդեն 01.01.2015 թվականից գործում է ԾՄՇ-ն:
Դա ծառայությունների այնպիսի հատվածներն են, ինչպիսիք են՝ լանդշաֆտի ոլորտում ծառայությունները, որսորդական տնտեսության վարումը, լիզինգը և վարձակալությունը, վարձույթ, հարկման ոլորտում ծառայությունները, ծրագրային ապահովման կիրառման և տվյալների մշակման՝ հաշվողական տեխնիկայի հետ կապված ծառայությունները, ճարտարապետության ոլորտում և կառավարման հարցերի հետ կապված խորհրդատվական ծառայությունները, շուկայի հետազոտությունը և հասարակական կարծիքի բացահայտումը, անձնակազմի դասավորման և ընտրության ծառայությունները, տարածքների մաքրման ծառայությունները, լուսանկարչական ծառայությունները, բանակցությունների և խորհրդակցությունների անցկացման ծառայությունները, թարգմանությունները, զվարճանքների կազմակերպման ծառայությունները:
Կիրառելի՞ են արդյոք ռեժիմներից բացառումները, ինչպես նաև լրացուցիչ, այդ թվում՝ քանակական և ներդրումային բնույթի սահմանափակող միջոցները ծառայություններ մատակարարողների և ստացողների, հենց ծառայությունների նկատմամբ:
Պայմանագրի N 16 հավելվածի 38-րդ կետին համապատասխան Կողմերը պարտավոր են ցանկացած մյուս անդամ պետության Կողմի անձանց տրամադրել ծառայությունների մատակարարման և ստացման իրավունք այն պայմաններով, որոնք նշված են N 16 հավելվածի 21, 24, 27, 29, 30 և 32 կետերում, առանց սահմանափակումների, բացառումների և լրացուցիչ պահանջների, բացառությամբ այն դեպքերի և սահմանափակումների, որոնք նախատեսված են Պայմանագրի N 16 հավելվածի N 2 հավելվածով (հորիզոնական սահմանափակումներ՝ հողի նկատմամբ սեփականություն, պետական աջակցություն, ընդերքօգտագործում և այլն):
Այսպիսով, ծառայություններ մատակարարողների և ստացողների նկատմամբ, հենց ծառայությունների նկատմամբ, որոնք ընդգրկվել են ԾՄՇ-ում, կիրառելի չեն'
ռեժիմներից բացառումները և լրացուցիչ, սահմանափակող միջոցները, այդ թվում ՝ քանակական և ներդրումային բնույթի (թվարկվել են N 16 հավելվածի ԵԱՏՄ մասին պայմանագրի 30-րդ հավելվածի և 32-րդ կետերում),
ցանկացած այլ սահմանափակումները և պահանջները, որոնց օգտագործման հնարավորությունը նախատեսվել է Պայմանագրով, այդ թվում՝ սահմանափակումները և պահանջները, որոնք նախատեսվել են N 16 հավելվածի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 73-րդ կետերով, Պայմանագրի N 17 հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով:
Արդյո՞ք անհրաժեշտ է ԾՄՇ-ում ընդգրկված ոլորտներում ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) համար հիմնադրել իրավաբանական անձ կամ ներկայացուցչություն կամ միայն իրավաբանական անձի մասնաճյուղ:
Պայմանագրի N 16 հավելվածի 38-րդ կետի հիման վրա, յուրաքանչյուր Կողմ պարտավոր է մյուս Կողմի անձանց տրամադրել ծառայությունների մատակարարման և ստացման իրավունք, ճանաչելով մատակարարման թույլատվությունները, որոնք ծառայություններ մատակարարողները ստացել են այն անդամ պետություններում, որտեղ նրանք գրանցված են որպես իրավաբանական անձ:
Այսինքն, ԾՄՇ-ի շրջանակներում մի Կողմի բիզնեսի սուբյեկտներին հնարավորություն է տրվում մատուցել իրենց ծառայությունները մյուս անդամ պետության տարածքում առանց իրավաբանական անձի ձևով հիմնադրվելու:
N 16 հավելվածին համապատասխան, ներկայացուցչությունները և մասնաճյուղերը հանդիսանում են իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումներ, այլ ոչ թե ինքնուրույն իրավաբանական անձինք, ուստի միասնական շուկայում ներառված ծառայությունների ոլորտներում մի Կողմի բիզնեսի սուբյեկտին մյուս Կողմի տարածքում իր ծառայությունների մատուցման համար պահանջվում է հիմնադրվել որպես ներկայացուցչություն կամ մասնաճյուղ:
Արդյո՞ք մի անդամ պետության անձին անհրաժեշտ է կրկին ստանալ արտոնագիր կամ թույլատվություն՝ ԵԱՏՄ անդամ մյուս պետության ներքին օրենսդրությունը համապատասխան, որի տարածքում այդպիսի անձը մտադիր է իրականացնել գործունեություն կամ մատուցել ծառայություններ (այդ թվում՝ ԾՄՇ-ի շրջանակներում):
Պայմանագրի N 16 հավելվածի 38-րդ կետի հիման վրա, Կողմերից ցանկացածը պարտավոր է ԾՄՇ-ի շրջանակներում ցանկացած մյուս անդամ պետության անձանց տրամադրել ծառայությունների մատակարարման և ստացման իրավունք, ճանաչելով թույլատվությունները, որոնք ծառայություն մատակարարողները ստացել են իրենց երկրի տարածքում:
Դրա հետ մեկտեղ, ԾՄՇ-ում չներառված ծառայությունների ոլորտներում և գործունեության այլ տեսակներում, այն դեպքերում երբ Կողմի օրենսդրությամբ գործունեության այս կամ այն տեսակը ենթակա է լիցենզավորման կամ դրա իրականացման համար պահանջվում է այլ թույլատվություն, ցանկացած այլ անդամ պետությունների անձանց (այդ թվում՝ նրանց կողմից հիմնադրված անձանց) նույնպես պահանջվելու է ստանալ հենց այդպիսի թույլատվական փաստաթղթեր, ինչպես և այդ Կողմի ռեզիդենտ գործարարներին՝ նրանց հետ հավասարապես։ Սակայն տվյալ կանոնը չի գործում, եթե Կողմն իր համար ռեզերվացրել է ոլորտային կամ հորիզոնական սահմանափակումներ, որոնք նշված են N 112 որոշման մեջ և Պայմանագրի N 2 հավելվածում:
Բոլոր Կողմերն իրենց ազգային Ցանկերում (N 112 որոշում) ամրագրել են «գլխանոցային» բացառում գործունեության բոլոր լիցենզավորվող տեսակներով, Միության այդ անդամ պետության իրավաբանական անձի ձևով հիմնադրման պարտադիր պահանջի մասով:
Ինչպե՞ս են ԾՄՇ-ի շրջանակներում ենթակա վճարման հարկերը (եկամտային հարկը, շահութահարկը, ԱԱՀ և այլն):
Անուղղակի հարկերի գնձումը (ակցիզներ, ԱԱՀ) իրականացվում է այն անդամ պետությունում, որի տարածքում այդպիսի ծառայությունը մատակարարվել է, այսինքն՝ ազգային ռեժիմի հիման վրա (ԵԱՏՄ մասին Պայմանագրի 72-րդ հոդվածի 2-րդ կետ):
Ուղղակի հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են ֆիզիկական անձանցից մյուս անդամ պետության ռեզիդենտ աշխատավորների վարձելու ժամանակ, Պայմանագրով նաև սահմանվում են նորմեր, որոնց համաձայն այդպիսի աշխատողի եկամուտը հարկվում է այնպիսի դրույքաչափերով, ինչպիսիք սահմանված են այն պետությունում, որտեղ տվյալ աշխատողն աշխատում է (ազգային ռեժիմ) (ԵԱՏՄ մասին Պայմանագրի 73-րդ հոդված:
Բացի այդ, ուղղակի հարկերի հարցերը նախատեսվում են կրկնակի հարկումից խուսափելու մասին միջազգային պայմանագրերում, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերը:
Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին Արձանագրության (Պայմանագրի 18-րդ հավելված) 28-րդ կետի համաձայն, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետությունում, որի տարածքը ճանաչվում է աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման վայր (բացառությամբ տրված հումքի վերամշակման աշխատանքների ժամանակ, որը մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք է ներմուծվել՝ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքը հետագայում այլ անդամ պետության տարածք արտահանելով):
Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ հարկային բազան, անուղղակի հարկերի դրույքաչափերը, նրանց գանձման կարգը և հարկային արտոնությունները (հարկումից ազատվելը), ընդհանուր կանոնով, որոշվում են այն անդամ պետության օրենսդրության համաձայն, որի տարածքը ճանաչվում է որպես աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայր։ Ընդ որում, անդամ պետության տարածքը ճանաչվում է որպես աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայր եթե.
1) աշխատանքները, ծառայություններն անմիջականորեն կապված են անշարժ գույքի հետ, որը գտնվում է այդ անդամ պետության տարածքում,
2) աշխատանքները, ծառայություններն անմիջականորեն կապված են շարժական գույքի, տրանսպորտային միջոցների հետ, որոնք գտնվում են տվյալ անդամ պետության տարածքում,
3) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները մատուցվել են տվյալ անդամ պետության տարածքում,
4) տվյալ անդամ պետության հարկ վճարողի կողմից ձեռք են բերվում'
խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժինիրինգային, գովազդային, դիզայներական, մարքեթինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման ծառայություններ, ինչպես նաև գիտահետազոտական, փորձարարական–կոնստրուկտորական և փորձարարական–տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ,
ԷՀՄ–ի և տվյալների բազաների ծրագրերի մշակման աշխատանքներ, ծառայություններ (հաշվիչ տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի), դրանց հարմարեցման ու ձևափոխման, այդպիսի ծրագրերի և տվյալների բազայի ուղեկցման ծառայություններ,
անձնակազմի տրամադրման ծառայություններ այն դեպքում, եթե անձնակազմն աշխատում է գնորդի գործունեության վայրում:
Այս ենթակետում նշված դրույթները կիրառվում են նաև'
այն արտոնագրերի, լիցենզիաների, այլ փաստաթղթերի փոխանցման, տրամադրման, զիջման դեպքում, որոնցով հաստատվում են պետության կողմից պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, սպասարկման նշանների նկատմամբ իրավունքները, հեղինակային, հարակից իրավունքները կամ այլ նույնանման իրավունքներ,
շարժական գույքը վարձակալության, ֆինանսական վարձակալության և այլ հիմքերով օգտագործման տրամադրելու դեպքում՝ բացառությամբ տրանսպորտային միջոցները վարձակալության, ֆինանսական վարձակալության և այլ հիմքերով օգտագործման տրամադրելու դեպքերի,
այն անձի կողմից ծառայությունների մատուցման դեպքում, որը պայմանագրի հիմնական մասնակցի համար իր անունից կամ պայմանագրի հիմնական մասնակցի անունից ներգրավում է այլ անձի՝ սույն ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար,
5) աշխատանքները կատարվում են, ծառայությունները մատուցվում են այդ անդամ պետության հարկ վճարողի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ սույն կետի 1–4–րդ ենթակետերով:
Ռուսաստանի Դաշնության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ ՌԴ ՀՕ) 148-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանի Դաշնության տարածքը ճանաչվում է աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայր եթե.
1) աշխատանքները, ծառայություններն անմիջականորեն կապված են անշարժ գույքի հետ (բացառությամբ օդանավերի, ծովային և ներքին ուղղիներով նավարկող նավերի, ինչպես նաև տիեզերական օբյեկտների), որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այդպիսի աշխատանքներին (ծառայություններին) են պատկանում շինարարական, մոնտաժային, շինարարական մոնտաժային, վերանորոգման, վերականգնման աշխատանքները, կանաչապատման աշխատանքները, վարձակալության ծառայությունները,
2) աշխատանքները (ծառայությունները), որոնք անմիջականորեն կապված են շարժական գույքի, օդանավերի, ծովային և ներքին ուղղիներով նավարկող նավերի հետ, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում,
3) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները փաստորեն մատուցվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում,
4) աշխատանքների (ծառայությունների) գնորդն իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության տարածքում,
Եթե հարկատուն իրականացնում է մի քանի տեսակի աշխատանք, մատուցում է մի քանի տեսակի ծառայություններ, որոնց հարկման կարգը որոշվում է «Հարկերը և հարկումը» XVII-րդ բաժնով, և մի աշխատանքների, ծառայությունների իրագործումը մյուս աշխատանքների, ծառայությունների իրագործման նկատմամբ կրում է օժանդակ բնույթ, ապա օժանդակ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայր է ճանաչվում հիմնական աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման վայրը:
Նմանապես, ՌԴ ՀՕ 148-րդ հոդվածի 3-րդ կետում որոշվում է աշխատանքների իրականացման վայրը, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իրականացնում է (մատուցում է) մի քանի տեսակի աշխատանքներ (ծառայություններ) և մի աշխատանքների (ծառայությունների) իրագործումը մյուս աշխատանքների (ծառայությունների) իրագործման նկատմամբ կրում է օժանդակ բնույթ:
ՌԴ ՀՕ 148-րդ հոդվածի համապատասխան, գնորդի գործունեության իրականացման վայր է համարվում Ռուսաստանի Դաշնության տարածքը, եթե աշխատանքների (ծառայությունների) գնորդը փաստացի գնտվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման հիման վրա, իսկ դրա բացակայության դեպքում կամ նշված կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների նկատմամբ՝ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում նշված վայրի, կազմակերպության կառավարման վայրի, դրա մշտապես գործող գործադիր մարմնի գտնվելու վայրի, մշտական ներկայացուցչության գտնվելու վայրի (եթե աշխատանքների (ծառայությունները) գնվել են այդ մշտական ներկայացուցչության միջոցով), ֆիզիկական անձի բնակության վայրի հիման վրա։ Սույն կետի դրույթը կիրառվում է.
արտոնագրերի, լիցենզիաների, առևտրային նշանների, հեղինակային իրավունքների կամ այլ իրավունքների փոխանցման, տրամադրման,
ԷՀՄ-ի համար ծրագրերի և տվյալների բազաների (հաշվողական տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի) մշակման, դրանց հարմարեցման ու ձևափոխման,
խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժինիրինգային, գովազդային, դիզայներական, մարքեթինգային ծառայությունների, տեղեկատվության մշակման ծառայությունների մատուցման, ինչպես նաև գիտահետազոտական, փորձարարական–կոնստրուկտորական աշխատանքների կատարման ժամանակ։ Ինժինիրինգային ծառայություններն են. ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման գործընթացի նախապատրաստման, արդյունաբերական, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական և այլ օբյեկտների շինարարության և շահագործման նախապատրաստման ճարտարագիտա-խորհրդատվական ծառայությունները, մինչնախագծային և նախագծային ծառայությունները (տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստումը, նախագծակոնստրուկտորային մշակումները և այլ նման ծառայությունները)։ Տեղեկությունների մշակման ծառայություններն են. տեղեկությունների հավաքագրման և ամփոփման, տեղեկատվական պաշարների համակարգման և այդ տեղեկատվության մշակման արդյունքներն օգտագործողի տնօրինմանը հանձնելու ծառայությունները,
անձնակազմի տրամադրման, այն դեպքում, երբ անձնակազմն աշխատում է գնորդի գործունեության վայրում,
շարժական գույքը վարձակալության՝ բացառությամբ վերգետնյա տրանսպորտային միջոցները վարձակալության,
սույն ենթակետով նախատեսված ծառայությունների մատուցման համար գործակալի, գործարքի հիմնական մասնակցի անունից ներգրավվող անձի (կազմակերպության կամ ֆիզիկական անձի) կողմից ծառայությունների մատուցման ժամանակ:
Աշխատանքների իրականացման (ծառայությունների մատուցման) վայրը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում.
1) արտասահմանյան կամ ռուսաստանյան անձանց հետ կնքված գործարքը,
2) աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) փաստը հաստատող փաստաթղթերը:
Պայմանագրի N 16 հավելվածով նախատեսված 4 եղանակներից ո՞ր մեկով կարելի է մատուցել շինարարական ծառայություններ ԾՄՇ-ի շրջանակներում:
Շինարարական ծառայությունները ԾՄՇ-ի շրջանակներում կարող են մատակարարվել ցանկացած հնարավոր եղանակով՝ ըստ ծառայություններ մատուցողի հայեցողության.
1) մի Կողմի տարածքից ցանկացած մյուս անդամ պետության տարածք (անդրսահմանային եղանակով, օրինակ՝ ինժեներական ոլորտի ծառայություններ, որոնք ներառում են նախագծակոնստրուկտորական աշխատանքներ և խորհրդատվություն, ճարտարապետական նախագծային աշխատանքների կատարման ծառայություններ, քաղաքաշինական նախագծման ոլորտի ծառայություններ, ներառյալ՝ հողօգտագործման ծրագրերի նախագծերի մշակման, քաղաքների զարգացման բնապահպանական հետևանքներին և այդ ծրագրերի տնտեսական գնահատմանը վերաբերող հետազոտությունների անցկացման, զբոսայգիների, առևտրային հողատարածքների, բնակարանաշինության համար հատկացված հողատարածքների գեղագիտական լանդշաֆտի պլանավորման և նախագծման, հողամասերի պլանների, աշխատանքային գծագրերի, տեխնիկական պայմանների, տեղայնքի ռելյեֆի էսքիզների, բույսերի տնկիների և այնպիսի օբյեկտների ստեղծման, ինչպիսիք են ծառուղիները, ցանկապատները և տրանսպորտի կայանատեղիները՝ համար ծախսերի հաշվարկի նախապատրաստման մասով լանդշաֆտի ճարտարապետության ոլորտում ծառայություններ),
2) մի Կողմի տարածքում այդ Կողմի անձի կողմից մյուս անդամ պետության ծառայություններ ստացողին (սպառում արտասահմանում),
3) մի Կողմի ծառայություններ մատակարարողի կողմից մյուս անդամ պետության տարածքում հիմնադրման միջոցով (առևտրային ներկայության միջոցով),
4) մի Կողմի ծառայություններ մատակարարողի կողմից մյուս անդամ պետության տարածքում նրա ֆիզիկական անձանց ներկայության միջոցով),
Օրինակ՝ կարճատև ժամանակահատվածով այս կամ այն օբյեկտների շինարարության համար շինարարական բրիգադի ուղարկման միջոցով (այդ թվում՝ կոնսորցիումի պայմանագրի, կամ այլ նման համաձայնագրերի հիման վրա), եթե ծառայությունը մատուցվում է 30 օրից ավել, պետք է հիմնադրել մասնաճյուղ կամ ներկայացուցչություն՝ հարկերի վճարման համար։ Հակառակ դեպքում հսկող և իրավապահ մարմինների կողմից տվյալ գործունեությունը (առանց մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացման) կարող է որակավորվել որպես անօրինական ձեռնարկատիրական գործունեություն:
ԾՄՇ-ի շրջանակներում ի՞նչ լրացուցիչ փաստաթղթեր պետք է ստանալ ընդունող պետության (ռեցիպիենտի) տարածքում, շինարարության՝ որպես գործունեության տեսակի «ավտոմատ» ճանաչված թույլատվությունից բացի:
Յուրաքանչյուր անդամ պետությունում կա անհատական թույլատվությունների իր սեփական ցանկը, որոնց բացակայության դեպքում շինարարությունը չի կարող սկսվել, իսկ սկսածը՝ շարունակվել:
Օրինակ՝ շինարարական գործունեության թույլատվությունը ճանաչվում է ավտոմատ կերպով, իսկ հողային աշխատանքների իրականացման համար թույլատվությունը պետք է ստանալ անդամ պետության լիազորված մարմնից:
Ղազախստանի Հանրապետությունում տվյալ թույլատվությունները թվարկված են «Թույլատվությունների և տեղեկացումների մասին» 16.05.2014 թ. օրենքի մեջ (շինարարական մոնտաժային աշխատանքները սկսելու մասին տեղեկացում՝ տրվում է տեղական գործադիր մարմինների պետական ճարտարապետաշինարարական հսկողության մարմինների կողմից, ճարտարապետապլանային առաջադրանք, էսքիզային նախագծի համաձայնեցում, օբյեկտների հետօգտահանման (շինությունների քանդում) համալիր աշխատանքների անցկացման մասին որոշում, օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, աղբյուրներից անկախ՝ մինչնախագծային (տեխնիկական տնտեսական հիմնավորումների) և նախագծային (նախագծահաշվարկային) փաստաթղթերի փորձաքննության անցկացում և այլն):
Բելառուսի Հանրապետությունում գործում է պետական մարմինների և այլ կազմակերպությունների կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ իրականացվող Վարչական ընթացակարգերի միասնական ցանկ, որը հաստատվել է Բելառուսի Հանրապետության Մինիստրների խորհրդի 17.02.2012 թ. N 156 որոշմամբ:
Մի Կողմի տարածքում ստացված՝ հիմնադրման, գործունեության, ներառյալ՝ ծառայությունների մատուցման՝ ո՞ր փաստաթղթերը պետք է վավերացնել մյուս Կողմի տարածքում օգտագործման համար:
Պայմանագիրը նախատեսում է անդամ պետությունների իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության հնարավորություն, ինչը թույլ է տալիս բացառել փաստաթղթերի վավերացման անհրաժեշտությունը:
Պայմանագրի 68-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան անդամ պետության իրավասու մարմինները կարող են կնքված համաձայնագրերի շրջանակներում մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններից պահանջել վերջինների իրավասությանը վերապահված և Պայմանագրի N 16 հավելվածով նախատեսված պահանջների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ իրավասու մարմինների կողմից տրված թույլատվությունների, և այդ թույլատվությունների հետ կապված գործունեության տեսակների մասին:
Պայմանագրի N 16 հավելվածի 38-րդ կետի պահանջներից ելնելով, ծառայությունների մատակարարողի անձնակազմի մասնագիտական որակավորման ճանաչումը տեղի է ունենում ավտոմատ կերպով, այսինքն մի անդամ պետության տարածքում ստացված հիմնադրման, թույլատվությունների և որակավորման հետ կապված փաստաթղթերը մյուս անդամ պետության տարածքում գործունեության իրականացման համար ներկայացման նպատակով վավերացման կարիք չկա:
Ծառայությունների մնացած ոլորտներում մինչև ազատականացման ծրագրերի իրագործումը ծառայությունների մատուցման հետ կապված փաստաթղթերի վավերացման պահանջները որոշվում են այն Կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում իրականացվում է հիմնադրումը և գործունեությունը:
Աշխատանքի տեղավորման պետությունում անդամ պետությունների աշխատավորների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով անդամ պետությունների կրթական կազմակերպությունների (կրթական հաստատությունների, կրթության ոլորտում գործող կազմակերպությունների) կողմից տրված՝ կրթության մասին փաստաթղթերը ճանաչվում են՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթության մասին փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման (Պայմանագրի 97-րդ հոդված):
Որևէ անդամ պետության աշխատավորները, որոնք մյուս անդամ պետությունում հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, անցնում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության մասին փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը, և արդյունքում նրանց կարող է թույլատրվել զբաղվել համապատասխանաբար մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:
Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված գիտական աստիճանների եւ գիտական կոչումների մասին փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:
Գործատուները (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուները) իրավունք ունեն պահանջելու կրթության մասին փաստաթղթերի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով՝ նոտարական կարգով վավերացված թարգմանությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, անդամ պետության աշխատավորի կրթության մասին փաստաթղթերի ստուգման նպատակներով հարցումներ ուղարկելու կրթության մասին փաստաթուղթ տրամադրած կրթական կազմակերպություններ (կրթական հաստատություններ, կրթության ոլորտում գործող կազմակերպություններ), այդ թվում՝ տեղեկատվական տվյալների բազայից օգտվելու միջոցով ստանալու համապատասխան պատասխաններ:
Փաստաթղթերի վավերականացման մեխանիզմը որոշվում է միջազգային պայմանագրերով և յուրաքանչյուր անդամ պետության ազգային օրենսդրությամբ:
Ոչ XV-րդ բաժինը, ոչ էլ Պայմանագրի N 16 հավելվածը չեն նախատեսում հիմնադրման, գործունեության և ծառայությունների առևտրի համար փաստաթղթերի հատուկ վավերացման պարտավորություն։ Այսինքն, հիմնադրման, գործունեության և ծառայությունների առևտրի համար պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրվեն միայն անդամ պետության օրենսդրության կողմից իր անձանց համար նախատեսված դեպքերում և կարգով:
Արդյոք կարո՞ղ է մի անդամ պետության անձը մասնակցել հայտամրցույթներում (աճուրդներում) մյուս Կողմի տեղական շինարարական ընկերություների հետ հավասար պայմաններով, այդ թվում՝ պետական և մունիցիպալ հայտամրցույթներում:
Անդամ պետության շինարարական ընկերությունը կարող է մասնակցել ոչ պետական (ոչ մունիցիպալ) հայտամրցույթներին տեղական շինարարական ընկերությունների հետ հավասար պայմաններով ընդհանուր շինարարական աշխատանքների մասով, քանի որ նրա համար գործելու է ազգային ռեժիմ առանց բացառումների (ընդհանուր շինարարական աշխատանքները, 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 110 որոշման համաձայն ներառվել են ծառայությունների այն ոլորտների Ցանկում, որոնցում 2015 թվականի հունվարի 1-ից ձևավորվել է ծառայությունների միասնական շուկա):
Անդամ պետության շինարարական կազմակերպությունը կարող է մասնակցել ոչ պետական (ոչ մունիցիպալ) հայտամրցույթներին տեղական շինարարական ընկերությունների հետ հավասար պայմաններով հատկապես վտանգավոր և բարդ օբյեկտներում, քանի որ նրա համար գործելու է ազգային ռեժիմ առանց բացառումների (շինարարական աշխատանքների մասով բացառումները, ԵՏԲԽ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 112 որոշմանը համաձայն չեն ներառվել):
Անդամ պետության շինարարական կազմակերպությունը կարող է մասնակցել պետական (մունիցիպալ) հայտամրցույթներին տեղական շինարարական ընկերությունների հետ հավասար պայմաններով, քանի որ նրա համար գործելու է ԱՌ, որը նախատեսվել է Պայմանագրի՝ գնումների կարգավորման մասին արձանագրությամբ (Հավելված N 25):
Ինչպե՞ս և ո՞ր օրենսդրության հիման վրա Կողմերի անձինք կարող են պատասխանատվության կանչվել, այդ թվում՝ նոր ԾՄՇ-ի շրջանակներում գործունեության իրականացման դեպքերում (այսինքն՝ առանց իրավաբանական անձի ձևով հիմնադրման):
Մյուս Կողմի անձանց կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում, այդպիսի իրավաբանական անձը և նրա անձնակազմը լիովին պատասխանատվություն են կրում այն Կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում գործունեության իրականացման ժամանակ կատարվել է իրավախախտումը:
Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին 30.12.2001 թ. N 195-ԴՕ օրենսգիրքը նախատեսում է ազդեցության միջոցների կիրառման հնարավորություն ինչպես իրավաբանական և ֆիզիկական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիներին), այնպես էլ ներկայացուցչություններին և մասնաճյուղերին:
Բելառուսի Հանրապետության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 1.4-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվության կիրառում Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմաբ՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ ընդհանուր հիմունքներով:
Ղազախստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների մասին 05.07.2014 թ. N 235-5 օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն.
օտարերկրացիները, օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Ղազախստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության մայրցամաքային շելֆի վրա կատարել են վարչական իրավախախտումներ, ենթակա են պատասխանատվության ընդհանուր հիմունքներով,
օտարերկրյա և միջազգային ոչ առևտրային ոչ կառավարական միավորումների կառուցվածքային ստորաբաժանումները (մասնաճյուղերը և ներկայացուցչությունները) վարչական պատասխանատվություն են կրում Ղազախստանի Հանրապետության հասարակական միավորումների մասին օրենսդրությունը խախտելու համար որպես իրավաբանական անձինք:
Ենթակա՞ են արդյոք Կողմերի հսկող (վերահսկող) մարմինների կողմից ստուգման մյուս անդամ պետություններից ծառայություններ մատուցողների ներկայացուցչությունները և մասնաճյուղերը:
Կողմերի տարբեր հսկող (վերահսկող) մարմիններն իրավունք ունեն Միության մյուս անդամ պետության անձանց կողմից հիմնադրված մասնաճյուղի (ներկայացուցչության) գործունեության ստուգման իրավունք, եթե այդպիսի գործունեությունն իրականացվում է համապատասխան անդամ պետության տարածքում:
Ղազախստանի Հանրապետության «Ղազախստանի Հանրապետությունում պետական հսկողության և վերահսկողության մասին» 06.01.2011 թ. N 377-4 օրենքով, որպես ստուգվող սուբյեկտներ նախատեսվել են ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, այդ թվում՝ պետական մարմինները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, ներառյալ՝ օտարերկրյա:
Նաև նախատեսվել է օտարերկրյա պետություններից ստուգման շրջանակներում էական նշանակություն ունեցող տեղեկությունների և փաստաթղթերի ստացման պարտականություն:
Այսպես, Բելառուսի Հանրապետության նախագահի «Բելառուսի Հանրապետությունում հսկողական (վերահսկողական) գործունեության կատարելագործման մասին» 16.10.2009 թ. N 510 հրամանագրով նախատեսվել են կազմակերպությունների, նրանց առանձնացված ստորաբաժանումների, որոնք ունեն վճարողի հաշվառման համար, օտարերկրյա կազմակերպությունների ստուգումներ։ Ընդ որում արգելվել են օտարերկրյա կազմակերպությունների ստուգումները նրանց ստեղծման պահից երկու տարվա ընթացքում:
«Պետական հսկողության (վերահսկողության) և մունիցիպալ հսկողության իրականացման ժամանակ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության մասին» 26.12.2008 թ. N 294-ԴՕ Դաշնային օրենքը որպես ստուգվող սուբյեկտներ չի առանձնացնում օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները։ Դրա հետ մեկտեղ, Պայմանագրի N 16 հավելվածի 21-ից 26-րդ կետերի դրույթների հիման վրա (նախատեսում են ԱՌ անդամ պետությունների մոլոր միջոցների նկատմամբ) 26.12.2008 թ. N 294-ԴՕ Դաշնային օրենքը հավասար չափով կիրառելի է նաև Կողմերի տարածքներում հիմնադրված սուբյեկտներ հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների նկատմամբ: