Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Մաքսային միության «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերը՝ արդիականացված տարբերակով։
Ստանդարտների ցանկերի թարմացումն ուղղված է «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» տեխկանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հաստատման ժամանակ ստանդարտների արդիական տարբերակների կիրառման պայմաններ ստեղծելուն և ազգային ստանդարտների մշակմանը և գործարկմանը զուգահեռ դրանցից միջպետականներին պլանաչափ անցում կատարելուն:
Պահանջներ պարունակող ստանդարտների ցանկերում ընդգրկված է 167 միջպետական և 12 ազգային ստանդարտ: Փորձարկման մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկերում ընդգրկված է 174 միջպետական և 9 ազգային ստանդարտ:
Առանձին միջպետական և ազգային ստանդարտների նկատմամբ սահմանվել է անցումային շրջան։
Ստանդարտների արդիականացված ցանկերի կիրառմանն ադապտացվելու, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման նպատակով Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։