Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) ինտեգրման, առևտրամաքսային քաղաքականության և ԱՀԿ-ի կոմիտեի նիստում: Ինչպես նշել է կոմիտեի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը, Եվրասիական տնտեսական միության առևտրային բանակցություններին նվիրված նիստի թեման ընտրվել է՝ պայմանավորված ազատ առևտրի գոտիների հնարավորությունների կիրառմամբ համագործակցությունն ընդլայնելու հարցում բիզնեսի մեծ հետաքրքրությամբ։
Անդրեյ Սլեպնևը, մասնավորապես, խոսել է Իրանի հետ ազատ առևտրի լիաձևաչափ համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտի մասին, որը նախատեսվում է ստորագրել ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին։ «Մենք հասել ենք սակագնային ազատականացման հավակնոտ ցուցանիշների. ապրանքների անվանացանկի գրեթե 90%-ը լինելու անմաքս առևտրի առարկա կդառնա։ Դա թույլ կտա Իրան արտահանելիս մաքսատուրքերի հաշվին խնայել տարեկան մինչև 380 մլն դոլար»,- նշել է նախարարը։
Ի լրումն շուկա մուտք գործելու բացառիկ պայմանների, որոնք այսօր աշխարհում էլ ոչ ոք չունի, նա մատնանշել է ոլորտային համագործակցությանն առնչվող դրույթների վրա, որոնք կարող են թույլ տալ մեր երկրների միջև փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնել։ Հաշվի առնելով «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ զարգացման համատեքստում նախագծերի իրականացման կարևորությունը՝ համաձայնագիրը ներառել է դրույթներ տրանսպորտային համագործակցության և տարանցման հարցերի քննարկման հատուկ հարթակի ստեղծման մասին։
Խոսելով Ինդոնեզիայի հետ առևտրային բանակցությունների մասին՝ Անդրեյ Սլեպնևը հայտնել է կայացած երեք փուլերի մասին, որոնց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել համաձայնագրի կարգավորիչ մասի համաձայնեցման հարցում։ «Մենք գիտակցում ենք ԵԱՏՄ ներուժը բարձր տեխնոլոգիական արտահանման մասնաբաժնի ավելացման տեսանկյունից, ներառյալ արդյունաբերական համալիրը արտադրանքը, ծրագրային ապահովումը, մեքենաշինության և այլ ոլորտների արտադրանքը», - ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ արդեն գոյություն ունեցող վիետնամական համաձայնագրի հետ մեկտեղ, Ինդոնեզիայի հետ պայմանավորվածությունները կամրապնդեն Միության առևտրատնտեսական դիրքերը ԱՍԵԱՆ երկրների շուկաներում և ամբողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, հնարավորություն կա Ինդոնեզիայի հետ առևտրի ծավալներն ավելացնել մինչև ներկայիս մակարդակի 50%-ով, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված կլինի բիզնեսի կողմից իր համար ստեղծվող նախապատվությունների ակտիվ օգտագործման մակարդակից:
«Անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրություններին, նշեմ, որ երկու կողմի կառուցողական մոտեցման և պրեֆերենցիալ առևտրային ռեժիմի անցնելուց զգալի օգուտների առկայության շնորհիվ մենք էական հաջողությունների ենք հասել մեր գործընկերոջ հետ երկխոսություն կառուցելու գործում և հաստատել մեր հետաքրքրվածությունը բանակցությունները արագացված ձևաչափով վարելու հարցում»,- շարունակել է Անդրեյ Սլեպնևը։
ԵԱՏՄ-ն ԱՄԷ-ի հետ համաձայնագրի հեռանկարը դիտարկում է որպես ամբողջ Պարսից ծոցի երկրներում Միության երկրների արտահանողների դիրքերի ամրապնդում։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսական համագործակցության և կողմերի փոքր ու միջին ձեռնարկատիրության հարցերի շուրջ փոխգործակցության հարթակներ ձևավորելու վերաբերյալ։
ՌԱՁՄ կոմիտեի նիստում առանձին անդրադարձել են կլիմայական կարգավորման ոլորտում ռիսկերի և համագործակցության հնարավոր ոլորտների թեմային։ Խոսքը բուն ԵԱՏՄ ներսում խոչընդոտների կանխման, ինչպես նաև արտաքին ուրվագծում տեխնոլոգիական վերափոխման շրջանակներում ազգային տնտեսությունների մրցունակության պահպանման մասին էր:
«2023 թվականի հունիսին նշված ռիսկերը բացահայտելուց հետո ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները կարևոր հանձնարարություն են ընդունել ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումներ մշակելու մասին, որոնք պետք է հիմք դնեն եվրասիական տարածքում ածխածնային կարգավորմանը», - ընդգծել է Անդրեյ Սլեպնևը: