Նորություններ

17.11.2023

Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչի հետ

Նոյեմբերի 16-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը քննարկել են էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների ձևավորման արդիական հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև երկրի էներգետիկ ոլորտի «Բելէներգո» և «Բելտոպգազ» արտադրական միավորումների ղեկավարները։

 Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր էներգետիկ շուկաների վերաբերյալ մշակվող ակտերի բարձր աստիճանի պատրաստությունը և դրական գնահատական տվել համատեղ աշխատանքի դինամիկային։ «Չնայած գազի ոլորտում պահպանվող տարաձայնություններին, որոնք դեռ պետք է լուծվեն, մեզ հաջողվել է վերացնել տարաձայնությունները շատ վիճահարույց հարցերի շուրջ և զգալի առաջընթաց գրանցել ռազմավարական փաստաթղթերի պատրաստման գործում», – հայտարարել է նա։

Վիկտոր Կարանկևիչն իր հերթին կարևորել է մոտեցումների սերտացումը և էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների ձևավորման հարցերով փոխադարձ ընդունելի լուծումների մշակումը։

«Մնացած չհամաձայնեցված հարցերը մենք նախատեսում ենք քննարկել էներգետիկայի ոլորտում Միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստում, որը նախատեսված է նոյեմբերի 22-ին», – տեղեկացրել է ԵՏՀ նախարարը։

Կողմերը նաև զգալի առաջընթաց են արձանագրել ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի իրավական հիմքերի ձևավորման գործում։

«2023 թվականը բեկումնային տարի էր էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման տեսանկյունից։ Կառավարությունների ղեկավարները հաստատել են երեք հիմնարար փաստաթուղթ, որոնք հիմք են դառնալու այս շուկայում Միության երկրների տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար։ Այս փաստաթղթերի վրա աշխատանքը ցույց է տվել կողմերի համախմբվածությունը և Միության տնտեսության և բնակչության համար լավագույն արդյունքի հասնելուն նպատակաուղղված լինելը», – նշել է Արզիբեկ Կոժոշևը։


Նրա աշխատանքային այցի ծրագրի կետերից մեկը այցելությունն էր «Մինգազ» ՈՒՁ օբյեկտներ։ ԵՏՀ նախարարը նշել է գազիֆիկացման և ատոմային էներգետիկայի ոլորտում Բելառուսի դրական փորձը և ընդգծել, որ խաղաղ նպատակներով ատոմի օգտագործումը եվրասիական ինտեգրման խորացման հեռանկարային ուղղություններից է։

Արզիբեկ Կոժոշևը և Վիկտոր Կարանկևիչը արձանագրել են հանդիպման դրական արդյունքները և պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը էներգետիկ ուղու վրա։