Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է Տաշքենդում ընթացող «Խելացի» տրանսպորտային համակարգեր և թվային տնտեսության ենթակառուցվածքներ» 2-րդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին։ Միջոցառման հիմնական թեմաներն էին տրանսպորտալոգիստիկ համալիրի թվային անցման միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև «խելացի» տրանսպորտային համակարգերի ներդրումը միջազգային առևտրի զարգացման գործում:
«Ավտոմատացման միջոցներն էլ ավելի մատչելի են դառնում թվային տնտեսության կայացման շնորհիվ, թույլ են տալիս հասնել ապրանքների տրանսպորտային տեղափոխման գրեթե լիարժեք թափանցիկության, բարձրացնում կանխատեսելիությունը և նվազեցնում բեռնափոխադրումների ռիսկերը, ինչպես նաև նվազեցնում են տրանսպորտալոգիստիկ ծախսերը՝ խթանելով միջազգային առևտուրը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։
ԵՏՀ նախարարը հայտնել է, որ Հանձնաժողովը դիտարկում է ԵԱՏՄ շրջանակներում «խելացի» տրանսպորտային համակարգերի զարգացման հնարավորությունները։ Նա խոսել է նաև Խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի մասին, որն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքում նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացի ակտիվացմանը։
«Մենք զարգանում ենք, և ԵԱՏՄ-ի փորձը խելացի տրանսպորտային համակարգերի, թվային ենթակառուցվածքների ներդրման գործում կատարելագործվում է՝ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները», — ասել է ԵՏՀ նախարարը։