Նորություններ

22.04.2022 (Обновлено: 12.05.2022 11:26)

Բելառուսը և Ռուսաստանն առաջարկել են ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման սխեմաներ

Եվրասիական տնտեսական միության ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հնարավոր սխեմաները քննարկել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հարցերով աշխատանքային խմբի մասնակիցները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում կայացած նիստին։
Ինչպես ընդգծել է ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը, այդ թեմայի ակտուալությունը էապես մեծացել է աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով։ Մինչև ընթացիկ տարվա հուլիսը Հանձնաժողովը պետք է ներկայացնի առաջարկներով զեկույց, որտեղ ներառվելու են բորսայական աճուրդներում իրացման համար ապրանքների, ածանցյալ ֆինանսական գործիքների, գների բորսայական և արտաբորսայական ցուցիչների ցանկը։
«Գնագոյացման գործընթացների և արժութային ենթակառուցվածքի տեսակետից մենք հայտնվել ենք արևմտյան համակարգերից կախման մեջ։ Այսօր մենք պետք է մտածենք ոչ միայն բորսայական տարածքի ձևավորման մասին, այլև ստեղծենք ազգային արժույթներով գնագոյացման մեր համակարգը», - նշել է Սերգեյ Գլազևը։
Բորսայական ապրանքային շուկայի աշխատանքի սխեմայի վերաբերյալ առաջարկները ներկայացրել են Բելառուսը և Ռուսաստանը։

Բելառուսն առաջարկել է ձևավորել ընդհանուր շուկան գործող բորսաների հիման վրա, առաջին փուլում առևտուրն իրականացնել բորսաների ազգային մասնակիցների մասնակցությամբ, իսկ երկրորդ փուլում ազգային բորսաների չբավարարված հայտերն ուղարկել հատուկ ստեղծված Տվյալների մշակման միջազգային կենտրոն՝ պատասխան առաջարկների որոնման և գործարքների ձևակերպման համար։ Նման մոտեցման դրական կողմն է՝ ներքին շուկայի պահանջարկի և ազգային մասնակիցների շահերի երաշխավորված
 բավարարումը։

Ռուսաստանն առաջարկել է աճուրդներն իրականացնել բոլոր ազգային բորսաներում, աճուրդները Միության բոլոր երկրների ներկայացուցիչների համար հասանելի դարձնելու միջոցով։ Ռուսական կողմի կարծիքով, դա կստեղծի մրցակցություն ազգային ապրանքային բորսաների միջև ու կխթանի դրանց զարգացումը։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են երկու մոտեցումներն էլ ներառել զեկույցի մեջ։

Կողմերը քննարկել են նաև Միության ընդհանուր բորսայական շուկայում առևտրի համար առաջարկվող ապրանքների ցանկը։ Առաջին փուլում կարելի է իրականացնել այնպիսի ապրանքների առևտուր, ինչպիսիք են ածուխը, հանքային պարարտանյութերը, բուսական յուղը, շաքարը, շրոտը, կոպտոնը, անտառանյութերը, մետաղը, շինանյութերը, ցեմենտը և ոսկին։ Երկրորդ փուլում, բորսայական կանոնների համաձայնեցումից, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում արտահանման և ներմուծման նկատմամբ սահմանափակող միջոցների կամ արգելքների վերացումից հետո, ցանկին կարելի կլինի ավելացնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, գազը, նավթը, նավթամթերքները և ցորենը։

Ինչպես նշել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապպարկուլովը, մայիս և հունիս ամիսներին պլանավորվում է անցկացնել տեստային աճուրդներ «Եվրասիական առևտրային համակարգ» ապրանքային բորսայում (Ղազախստան) և Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում (Ռուսաստան), դրանցում Միության պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Տեստային աճուրդների անցկացումը թույլ կտա մոդելավորել և մշակել առևտրի պայմանները ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի շրջանակներում։ Աճուրդների անցկացման արդյունքները նույնպես կներառվեն զեկույցի մեջ», - հայտնել է Ասկար Ջապպարկուլովը։

Տեղեկանք

ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի ապրիլին։ Դրանում ընդգրկվել են Միության երկրների լիազորված մարմինների, անդամ պետությունների բորսաների և բորսայական ապրանքներ արտադրողների ներկայացուցիչները, ինչպես նաև Հանձնաժողովի ներկայացուցիչները։

Միության ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորումը նախատեսվել է Ռազմավարություն-2025-ով։ Ապրանքների բորսայական առևտրի զարգացման ծրագիրը նախատեսվում է հաստատել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին