Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել ազատ առևտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններ սկսել Ինդոնեզիայի Հանրապետության հետ։
«Ինդոնեզիան ամենամեծ տնտեսությունն է ԱՍԵԱՆ-ում և չորրորդ ամենաբնակեցված երկիրն աշխարհում։ Համատեղ հետազոտական խմբի աշխատանքը ցույց է տվել, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Ինդոնեզիայի Հանրապետության միջև առևտրային հարաբերությունները զարգացման զգալի ներուժ ունեն, - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ - Բացի այդ, կանխատեսվում է, որ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում սակագնային ազատականացումը դրական ազդեցություն կունենա պայմանավորվող կողմերի տնտեսական աճի վրա»:
Ըստ անցկացված գնահատման՝ ազատ առևտրի ռեժիմի հաստատումը կնպաստի գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների առևտրի ծավալների մեծացմանը՝ առավելագույնի հասցնելով փոխադարձ օգուտները։ Միաժամանակ, նախարարը պարզաբանել է, որ մոդելավորման տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների արտահանման աճի ամենամեծ ներուժն ունեն հացահատիկը, մսամթերքը, պաղպաղակը, շոկոլադը, ալկոհոլային արտադրանքը, ձկնեղենը և ծովամթերքը, հանքային պարարտանյութերը, ռետինե և պլաստմասսե արտադրանքը, ավտոփոխադրամիջոցները, ածուխը, թղթե ապրանքները և մետաղական արտադրանքը:
Միաժամանակ՝ բանակցություններ վարելիս և շուկա մուտք գործելու համար օպտիմալ պայմաններ որոշելիս հաշվի են առնվելու յուրաքանչյուր պետության տնտեսական զարգացման առանձնահատկությունները։
Տեղեկանք
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է 41,5 %,-ով՝ 2020 թվականի համեմատ կազմելով մինչև 3,7 միլիարդ դոլար։ Միաժամանակ արտահանումն ավելացել է 34,1%-ով, ներմուծումն աճել է 44,5%-ով։
Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցի ուսումնասիրության համատեղ հետազոտական խումբը ձևավորվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի № 19 կարգադրության հիման վրա։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին