Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) մսի որոշ տեսակների համար ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին:
Խոսքը 2024 թվականին տվյալ արտադրանքը հետևյալ ծավալներով ներմուծելու հնարավորության մասին է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ մինչև 8.5 հազ. տոննա, Բելառուսի Հանրապետության համար՝ մինչև 7.5 հազ. տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ մինչև 5 հազ. տոննա, Ղրղզստանի Հանրապետության համար՝ մինչև 3.5 հազ. տոննա և Ռուսաստանի Դաշնության համար՝ մինչև 100 հազ. տոննա։
Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում մսի հումքի պակասի լրացմանը, վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսի արտադրանեսակների և երշիկեղենի արտադրության զարգացմանը, նման արտադրության ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի գների աճի զսպմանը:
Սակագնային արտոնություն կտրամադրվի ԽԵԱ այնպիսի մսի համար, որը նախատեսված է բացառապես արդյունաբերական վերամշակման և պատրաստի արտադրանքի արտադրության համար՝ լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատման պայմանով։ Նման մսի հումքը բարձրորակ տավարի միս չէ, որը հիմնականում արտադրվում է ներքին շուկայում։ ԵԱՏՄ-ում քննարկվող մսի հումքի պակասը փոխհատուցվում է հիմնականում Լատինական Ամերիկայից և Հնդկաստանից ներկրման հաշվին։
Այս հարցի վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումը նախատեսում է ԽԵԱ մսի, ինչպես նաև դրա օգտագործմամբ արտադրված պատրաստի արտադրանքի վերջնական օգտագործման համապատասխան սահմանափակումներ: