Սեպտեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակում կայացել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության և արդյունաբերական քաղաքականության վարչության ներկայացուցիչների հանդիպումը Հնդկաստանի Հանրապետության կառավարության առևտրի և արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի փոխգործակցության հարցեր, ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները ակտիվ փուլ տեղափոխելու աշխատանքը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի խորացման հեռանկարները։
«ԵԱՏՄ երկրների և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի արդյունքներով կրկնապատկվել է, իսկ 2023 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ևս 90%-ով։ Միևնույն ժամանակ, նախապես անցկացված հետազոտությունները ցույց են տալիս զգալի օգուտներ ազատ առևտրի համաձայնագրի կնքումից թե ԵԱՏՄ-ի, թե Հնդկաստանի համար, այդ թվում՝ ապագա համատեղ նախագծերի հնարավոր իրականացման տեսանկյունից։ Միության երկրների բիզնեսը նույնպես ակտիվորեն աջակցում է արտոնյալ ռեժիմի անցմանը», — ասել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը։