Նորություններ

27.09.2023

ԵԱՏՄ-ն միասնականացնում է դեղերի, ոչ ոգելից ըմպելիքների, հյութի, ինչպես նաև հեռախոսների և նոթբուքերի մակնշման կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների նախաձեռնողական առաջարկները և որոշումներ կայացրել ԵԱՏՄ պետություններում դեղերի, ոչ ոգելից ըմպելիքների, հյութի, ինչպես նաև հեռախոսների և նոթբուքերի մակնշման միասնականացված կանոններ սահմանելու մասին։

Ընդունված փաստաթղթերի համաձայն՝ անդամ պետություններն ինքնուրույն կորոշեն ներդրման ամսաթիվը և իրենց տարածքում նույնականացման միջոցներով արտադրանքի մակնշման կարգը՝ այդ մասին ծանուցելով ԵՏՀ-ին ոչ ուշ, քան այդ միջոցառումների սկզբից վեց ամիս առաջ։

Այսպիսով, ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում բոլոր դեպքերում երաշխավորված կլինի այլ պետությունների նույնականացման միջոցների ճանաչումը, որոնք ձևավորվել են միասնականացված պահանջներին համապատասխան։ Միևնույն ժամանակ, ելնելով Ղրղզստանի Հանրապետությունում դեղորայքային պատրաստուկների մակնշման համակարգի առանձնահատկություններից, Հանձնաժողովի խորհուրդը բացառություն է նախատեսել, որը թույլ է տալիս կիրառել ընդունված որոշումից տարբերվող նույնականացման միջոցների պահանջներ։

Բացի այդ, Միության անդամ պետությունների դիրքորոշումների հետ կապված՝ որոշումներում առանձին նշվել է մի շարք երկրներում ներկա փուլում մակնշում ներդնելու մտադրությունների բացակայությունը։ Այսպիսով, դեղերի մասով դա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ ոգելից ըմպելիքների և հյութերի մասով՝ Ղազախստանի Հանրապետությունը, իսկ նոթբուքերի և հեռախոսների մասով՝ Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը։

«Հանձնաժողովը սկզբունքային որոշումներ է ընդունել՝ ուղղված ԵԱՏՄ հիմնարար ազատություններից մեկի ապահովմանը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ հնարավոր կլինի պայմաններ ստեղծել Միության տարածքով ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի համար և կանխել ներքին շուկայում արգելքների առաջացումը»,- ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։